Բոլթոն. ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ նոր կառավարությանը

Բոլթոն. ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ նոր կառավարությանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ նոր կառավարության ջանքերին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ շնորհավորելով վերջինիս Հայաստանում խաղաղ ժողովրդավարական անցումը հաջողությամբ առաջնորդելու համար:

Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալել նման բարձր մակարդակի պատվիրակության, ինչը պատմական է Հայաստանի համար: «Շատ կարևոր է ԱՄՆ-ի հետ ունենալ բարձր մակարդակի շփումներ, և մեր կառավարությունը կարևորում է հայ-ամերիկյան ակտիվ երկխոսությունն ու սերտ փոխգործակցությունը»,-ասել է նա:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին և նշել, որ այժմ երկիրն ապրում է պատմական ժամանակաշրջան: «Սիրո և համերաշխության ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում տեղի ունեցող գործընթացները հիմնված են բացառապես ժողովրդավարական արժեքների վրա: Այժմ մենք աշխատում ենք, որպեսզի ստեղծենք և ամրապնդենք կայուն ու ինստիտուցիոնալ ժողովրդավարական պետություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով ժողովրդավարության զարգացումը, թափանցիկ կառավարաման համակարգի, անկախ դատական համակարգի ամրապնդումը միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում:

Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը շեշտել է, որ Հայաստանը հաստատակամ առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման ճանապարհով, որը մեր հասարակության համար ներքին համոզմունք է և արժեք, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Ջոն Բոլթոնը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջերմ ողջույնները: ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը նշել է, որ Հայաստանի համար պատմական նշանակություն ունեցող այս ժամանակաշրջանում իրենք կարևորում են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումն ու խորացումը: «Ուրախ եմ Ձեզ հետ քննարկել հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող երկկողմ ու տարածաշրջանային հարցերի լայն շրջանակը: Միացյալ Նահանգներն աջակցում է նոր կառավարության ջանքերին՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի թափանցիկության աստիճանի բարձրացմանը և քաղաքացիների առաջ կառավարության հաշվետվողականության մեծացմանն այնպիսի ուղիներով, որոնք կհանգեցնեն ժողովրդավարության, իրավունքի գերակայության և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը»,- ասել է Ջոն Բոլթոնը:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, կողմերն անդադարձել են ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, տնտեսության, արդարադատության համակարգի, քաղաքացիական հասարակության զարգացման ուղղություններով համագործակցության ընդլայնմանը և կարևորել երկկողմ փոխգործակցությանը նոր թափ հաղորդելուն միտված հետևողական քայլերի իրականացումը: Այդ առումով, Նիկոլ Փաշինյանը և Ջոն Բոլթոնը ընդգծել են նման բարձր մակարդակի փոխայցելություններն ավելի հաճախակի դարձնելու անհրաժեշտությունը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և ԱՄՆ նախագահի խորհրդականը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ: Երկուստեք կարևորվել է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում և բանակցային գործընթացի համար համապատասխան մթնոլորտի ձևավորումը:

Կողմերը քննարկել են նաև միջազգային ասպարեզում, այդ թվում՝ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող մի շարք այլ հարցեր:

Հանդիպումից հետո իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանը գրել է, որ Բոլթոնի հետ բանակցություններն անցել են «խիստ դրական մթնոլորտում»:«Կարծում եմ՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նույնպես նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն կա: Եվ մենք պատրաստ ենք օգտվել այդ հնարավորությունից»,- գրել է վարչապետի պաշտոնակատարը:

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հարավային Կովկասում է տարածաշրջանային այցով: Նա արդեն եղել է Ադրբեջանում, իսկ Հայաստանից կմեկնի Վրաստան: Բոլթոնը եղել է նաև Ռուսաստանում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---