Սկանդալի կենտրոնում հայտնված հոգեբուժարանի տնօրենն ազատման դիմում է գրել

Սկանդալի կենտրոնում հայտնված հոգեբուժարանի տնօրենն ազատման դիմում է գրել

PanARMENIAN.Net - «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանըհրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

«Քիչ առաջ հանդիպել եմ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ անձնակազմի հետ խոսել վերջին մի քանի իրադարձություններից։ Հիմք ընդունելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որ իմ կողմից գլխավորած բժշկական հաստատությունում իբր առանց համաձայնության պացիենտ է պահվում (սկզբունքորեն անհամաձայնություն է հայտնում ողջ բժշկական անձնակազմը) և դրանից հետո իմ և պաշտպանի գրասենյակի աշխատակցի միջև խոսակցությունը, որի ձայնագրությունը նույնպես կա և հրապարակված տեղեկատվությունը հեռու է իրականությունից, անհամադրելի եմ համարում իմ՝ որպես Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ տնօրեն պաշտոնավարումը և այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացնելու ՀՀ առողջապահության նախարարին», - գրել է նա:

Հոգեբուժարանում պահվող անձի մերձավոր ազգականը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգել էր, որ իր հարազատն առանց բավարար հիմքերի և իր կամքին հակառակ պահվում է հոգեբուժական կազմակերպությունում: Հոկտեմբերի 25-ին, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված այց է իրականացվել հոգեբուժարան և խախտման համապատասխան որոշում կազմել:

Հոկտեմբերի 26-ին Պաշտպանի աշխատակազմը հրապարակել է հայտարարություն այն մասին, որ հոգեբուժարանից ազատ է արձակվել անձը, ով հոգեբուժարանում պահվել է առանց հիմքերի։ Նշվում էր, որ հայտարարությունից հետո այդ հոգեբուժարանի ղեկավարը թույլ է տվել անօրինական վարքագիծ:

Նարեկ Վանեսյանը հայտարարությունից հետո զանգահարել է Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին և վրդովված փորձել է ներկայացնել իր պահանջներն ու դժգոհությունը: Մասնավորապես, նշված պաշտոնատար անձը պնդել է, թե Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները պետք է բացահայտված դեպքի մասին հայտարարությունը համաձայնեցնի իր հետ: Սպառնացել է, որ քայլեր կձեռնարկի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին պատասխանատվության ենթարկելու համար:

«Հաշվի առնելով հոգեբուժարանի տնօրենի անօրինական վարքագիծը՝ Մարդու իրավունքների պաշտպանն գտնում է, որ Առողջապահության նախարարությունը նրա համար պետք է կազմակերպի դասընթացներ և իր ենթակայությամբ գործող կազմակերպության ղեկավարին բացատրի, որ Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրությամբ նախատեսված անկախ պաշտոնատար անձ է, ում լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, այդ թվում՝ նրա գործունեությանը ցանկացած ձևով միջամտելն առաջացնում է քրեական պատասխանատվություն», - ասվում էր ՄԻՊ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու և քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգանի և Ֆրեյզեր Ստոդդարտի՝ պատվավոր դոկտորների կոչման շնորհման հանդիսավոր արարողության ժամանակ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի մասնակցությամբ տհաճ միջադեպ է գրանցվել, որի վերաբերյալ Հայաստանի առաջատար բժիշկները, պրոֆեսորները բաց նամակով իրենց անհանգստությունն են հայտնել կառավարությանը:Նշվում էր, որ նաոչ պատշաճ վարք է դրսևորել:

Բժիշկների բաց նամակին արձագանքել էր նաև Ղազախստանում գործուղման մեջ գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով խոստացել էր վերդառնալուն պես զբաղվել հարցով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---