Մոսկվայում բաքվեցի հայ փախստականներին վտարում են տարածքից, որտեղ 30 տարի ապրել են

Մոսկվայում բաքվեցի հայ փախստականներին վտարում են տարածքից, որտեղ 30 տարի ապրել են

PanARMENIAN.Net - Մոսկվայում բաքվեցի հայ փախստականներին վտարում են «Ալթայ» հյուրանոցի հին կորպուսից Մոսկվայի հյուսիս-արևելքում, որտեղ նրանք ապրել են 30 տարի: 5 հայ հրաժարվել է հեռանալ իր հյուրանոցային համարից, երբ նոր սեփականատերը խնդրել է նրանց լքել տարածքը, գրում է «Նովայա գազետան»:

Փակի տակ մնացած մարդկանց ուտելիք են բերում նրանց հարազատներն ու բաքվեցի մյուս փախստականները, որոնք հարևանությամբ են ապրում: Բաքվեցիները բարձրացնում են ուտելիքը պատուհանների մոտ պարանով: Նոր սեփականատերը վերանորոգում է սկսել հյուրանոցում:

Ըստ շինվարչության նախկին աշխատակից, 64-ամյա Բորիս Հայրապետյանի, 1988-ին Բաքվում հայերի ջարդերից հետո նրանց բերել են Մոսկվա: «Որոշ ժամանակ մենք մնացինք ընդունման կետում, իսկ հետո մեզ և էլի 900 մարդու տեղավորեցին այս հյուրանոցում: Հետո ուղեգրերը երկարացնում էին: Սկզբից մեկ շաբաթով, հետո՝ ավելի երկար ժամանակով, իսկ ավելի ուշ՝ անժամկետ: Հետո եղավ Մոսկվայի քաղգործկոմի որոշումը, որով օրինականացվեց «Ադրբեջանական ԽՍՀ-ն պարտադրաբար լքած քաղաքացիների» կացությունը Մոսկվայի հյուրանոցներում և հանրակացարաններում»,-պատմել է հայ փախստականը:

Հայրապետյանն ասել է նաև, որ 2003-ին փախստականները ստացել են ռուսական անձնագրեր, որից հետո նրանց այլևս չեն անհանգստացրել, վերաբնակեցման հարց չի ծագել: «Մինչ օրս նորմալ ապրում էինք, սակայն վերջերս փոխվեց հյուրանոցի սեփականատերը և նոր տնօրեն նշանակվեց: Մեկ ամիս առաջ շենքում վերանորոգում սկսվեց: Մեզ վրա սկսեցին ճնշում գործադրել: Սկզբից անջատեցին ջուրը: Իսկ նոյեմբերի 9-ին եկավ տնօրենն իր ոհմակով: Ասացին, որ միջատների և մկների դեմ պետք է մշակեն սենյակները քիմիկատներով: Մեզ ասացին, որ պատրաստ են այլ հյուրանոցում մեզ համար սենյակներ վարձակալել, որպեսզի մի քանի օր այնտեղ ապրենք, քանի որ դեղը թունավոր է: Մեզ մոտ կասկածներ առաջացան, մենք մնացինք հյուրանոցի մոտ սպասելու: 5 օրից մեզ հայտարարեցին, որ մենք պետք է թույլտվություն բերենք նոր սեփականատերից կամ այլ բնկավելու վայր գտնենք»,-ասել է Հայրապետյանը:

Նա նշել է, որ հյուրանոցում բնակվող փախստականներն ունեն դատարանի որոշում մշտական բնակության փաստի մասին, իսկ անձնագրայինում նրանց ասել են, որ այն հաստատում է, որ փախստականներն ապրում են այդ բնակտարածքում օրինական հիմունքներով:

«Շրջանցիկ ուղիներով մենք այնուամենայնիվ կարողացանք մտնել մեր համարները: Կողպեցինք դռները, գիշերեցինք: Իսկ երբ արթնացանք, հայտնաբերեցինք, որ կտրել են բոլորի համարներ տանող հոսանքի լարերը: Մենք չենք կարող այստեղից դուրս գալ, որովհետև չենք կարողանա վերադառնալ»,-հավելել է փախստականը:

Բորիս Հայրապետյանից բացի «Ալթայ» հյուրանոցի 5-րդ մասնաշենքի 2-րդ հարկում առանց լույսի, ջրի ու ջեռուցման մնում են 55-ամյա Իգոր և 16-ամյա Գուրիկ Ավակովները, 54-ամյա Ստելլա Արուտյունովան և 48-ամյա Ալեքսանդր Առաքելյանը:

Ընտանիքներին աջակցություն է ցուցաբերում «Քաղաքացիական աջակցություն» բարեգործական կազմակերպությունը:

«Ալթայ» հյուրանոցի գլխավոր տնօրեն Սերգեյ Կոնդրատենկոն հեռախոսով հրաժարվել է իր դիրքորոշումը հայտնել: Ըստ բաց աղբյուրների տվյալների, Կոնդրատենկոն միաժամանակ «Ալթայ» հյուրանոց» ԲԸ գլխավոր տնօրենն է և համանուն ՍՊԸ-ի տնօրենը, որը գրանցվել է 2018-ի մարտին:

Photo: «Новая газета»
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---