20 հունիսի 2008 - 15:57 AMT
ԵՄ-ն բարձր է գնահատում Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման գործընթացը Հայաստանում
Հունիսի 18-ին Բյուսելում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպական հանձնաժողովի արտաքին կապերի եւ Եվրոպական հարեւանության քաղաքակության գծով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը երկուստեք դրական գնահատական տրվեց Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի կատարման ընթացքին, քննարկվեց ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործման հեռանկարը: Նախարար Նալաբանդյանն ասաց, որ Հայաստանը շարունակելու է եվրոպական ընտանիքին մերձենալու իր հետեւողական քայլերը: Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում իրականացվող բարեփոոումներին ԵՄ կառույցների եւ կազմակերպության անդամ առանձին երկրների կողմից երկկողմ ձեւաչափով ցուցաբերվող աջակցության համար:

Զրուցակիցները անդրադարձ կատարեցին նաեւ Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ քաղաքական երկխոսության ձեւաչափերի գործունեությանը, տարբեր ոլորտներում երկկողմ ծրագրերի իրականացմանը:

Նախարար Նալբանդյանն ու հանձնակատար Ֆերերո-Վալդները քննարկեցին նաեւ իրադրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Հանձնակատարի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: