Էդվարդ Նալբանդյան. Այժմ խոսք չի գնում ԵԱՀԿ ՄԽ կողմից նոր առաջարկների մասին

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են Մադրիդյան համաձայնությունների հիման վրա, որ առաջարկվել են ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից 2007թ. ավարտին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա նշել է, որ հունիսի 27-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ` Մեթյու Բրայզան, Բերնար Ֆասյեն եւ Յուրի Մերզլյակովը կժամանեն Երեւան, որտեղ կհանդիպեն Հայաստանի ղեկավարությանը:



«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպումներից հետո, միջնորդները կմեկնեն Ստեփանակերտ եւ կհանդիպեն ԼՂՀ ղեկավարությանը»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Նա նաեւ ընդգծել է, որ ներկայումս խոսք չի գնում ԵԱՀԿ ՄԽ կողմից նոր առաջարկների մասին: «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի Սանքտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել Մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցությունները շարունակելու վերաբերյալ»,-ասել է Նալբանդյանը:



ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կժամանեն Երեւան հունիսի 27-ին, օրվա երկրորդ կեսին Բաքվից, որտեղ նրանք հանդիպել են նախագահ Ի.Ալիեւի եւ ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ:
 Ուշագրավ
---