27 հունիսի 2008 - 15:54 AMT
Հայաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության ծրագրի շրջանակներում
Հայաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության ծրագրի շրջանակներում, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Ես գտնում եմ, որ դա անհրաժեշտ փորձ կտա մեր զինված ուժերին: Սակայն մենք միշտ ասել ենք եւ ասում ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու դրույթ չկա: Եվ այն նկատառումները, թե մեր երկիրը երբեք որոշակիորեն չի արտահայտվել այդ հարցի վերաբերյալ, ես սխալ եմ համարում: Մենք կանոնավոր կերպով արել ենք դա եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, եւ այն ժամանակվա պաշտպանության նախարարի միջոցով»,-ասել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե արժե արդյոք որոշ երկրների, օրինակ, Վրաստանի, Ուկրաինայի եւ Ադրբեջանի ձգտումը դեպի ՆԱՏՕ համարել հակառուսական կուրս, նախագահը նշել է, որ դա կախված է ընկալումից: «Ես չեմ հիշում մի դեպք, երբ ՆԱՏՕ-ին անդամակցելիս երկրները ասեին, թե անում են դա` Ռուսաստանից իրենց պաշտպանելու համար: Արդեն անդամակցումից հետո նրանք արդարացնում են իրենց գործողությունները անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ: Սակայն ես խոսում են հայ պետականության տեսակետից: Եթե մենք այսօր ՀԱՊԿ-ի անդամ ենք, եւ եթե մեր տարածքում են գտնվում ռուսական զորքերն ու ռուսական ռազմակայանը, ապա, բնակաբանար, անդամակցությունը ՆԱՏՕ-ին կընկալվի որպես հակառուսական քայլ: Որովհետեւ ռազմակայանները փոխարինվում են այլ ռազմակայաններով: Դրա համար պետք է լուրջ պատճառներ լինեն, իսկ դրանք չկան»,-ասել է Ս.Սարգսյանը, հաղորդում է «Կոմերսանտը»: