Տոնոյանը՝ Ապրիլյանի մասին. Ադրբեջանի հատուկ ջոկատների հնարավոր գործողությունների մասին տեղյակ էին (վիդեո)

Տոնոյանը՝ Ապրիլյանի մասին. Ադրբեջանի հատուկ ջոկատների հնարավոր գործողությունների մասին տեղյակ էին

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով Ապրիլյան պատերազմի ժամանակ Զինված ուժերի հետախուզության վարչության աշխատանքին, ասել է, որ պատերազմին նախորդած ժամանակահատվածում եղել է տեղեկատվություն Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների հնարավոր գործողությունների մասին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ինչպես տեղյակ եք, ապրիլյան գործողությունները սկսվել են Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների կողմից, իսկ հատուկ ստորաբաժանումները իրենք գործողությունները իրականացնում են ծածուկության պայմաններում: Անգամ այդ պայմաններում եղել է տեղեկատվություն հնարավոր գործողությունների վերաբերյալ», - «Ազատության» հետ զրույցում ասել է Դավիթ Տոնոյանը:

Ավելի վաղ Գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը նշանակվել է վարչապետի խորհրդականի պաշտոնում:

Գեներալ-մայոր Կարապետյանը 2016 թվականի Ապրիլին զբաղեցնում էր Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնն ու այդ պաշտոնից հեռացվել է Ապրիլյան պատերազմից կարճ ժամանակ անց՝ 2016 թվականի ապրիլի 26-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով: Այդ օրերին շատերը նաև նրան էին պատասխանատու համարում զոհերի ու տարածքային կորուստների համար:

Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետին իր խորհրդական նշանակելու որոշմանն անդրարդարձել է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել է տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր, և այդ նյութերում ոչինչ չի գտել հետախուզական տվյալների բացակայության մասին:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---