Անանյանը՝ բեռնափոխադրողների բողոքի մասին. Դա ընդհանրապես ՊԵԿ գործառույթը չէ

Անանյանը՝ բեռնափոխադրողների բողոքի մասին. Դա ընդհանրապես ՊԵԿ գործառույթը չէ

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով բեռնափոխադրողների բողոքի ակցիայի մասնակիցների պահանջին, հայտարարել է, թե դա ընդհանրապես ՊԵԿ գործառույթը չէ։

Բեռնափոխադրող ընկերություններն դեկտեմբերի 27-ին բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց. նրանք բողոքում էին հարկային բեռի ավելացումից։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին խնդրին լուծում տալ, այլապես խոստանում էին բեռնատարներով փակել փողոցները և կաթվածահար անել երթևեկությունը։

«Ես մեկնաբանելու որևէ բան չունեմ, ՊԵԿ-ը վարչարարությամբ զբաղվող մարմին է, քաղաքականությամբ չի զբաղվում», - ասել է ՊԵԿ նախագահը՝ նշելով, որ եթե օրենսդրության հետ կապված խնդիր կա և օրենսդրությունը պետք է փոխվի, ապա դրանով այլ մարմին պետք է զբաղվի, հայտնում է Aysor.am-ը։

Դավիթ Անանյանն ասել է, որ ֆինանսների նախարարի պաշտոնակատարի և տրանսպորտի նախարարի պաշտոնակատարի հետ պայմանավորվել են հունվարի հենց առաջին աշխատանքային օրերին քննարկման առարկա դարձնել հարկ վճարողների ահազանգը կամ մտահոգությունը։

«Թե ինչքանով է վիճահարույց այս կամ այն ակտը, քննարկման առարկա կդարձնենք, որոշում կկայացնենք և առաջիկա հարկային օրենսգրքի փոփոխության փաթեթում հավանականությունը կքննարկենք, թե ինչ կարելի է անել։ Բայց դա ընդհանրապես ՊԵԿ գործառույթը չէ», - ասել է Դավիթ Անանյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը նրանց հորդորել է հունվարին նստել մի սեղանի շուրջ ու քննարկել իրավիճակը, փորձել լուծումներ գտնել: Իսկ փաստաթղթաշրջանառությունը չապահովելու համար ՊԵԿ-ը ստուգումներ է անում, տուգանքներ նշանակում ընկերություններին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---