Սիդնեյում կաթողիկոսի մասնակցությամբ բացվել է նորակառույց առաջնորդարանը

Սիդնեյում կաթողիկոսի մասնակցությամբ բացվել է նորակառույց առաջնորդարանը

PanARMENIAN.Net - Փետրվարի 3-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ բացվել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի նորակառույց առաջնորդարանը: Սիդնեյի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցում մատուցված Սուրբ պատարագի ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսը «Հրաշափառով» ուղղվել է դեպի առաջնորդարանի նորակառույց շենքը, որտեղ իրեն սպասում էին պետական այրեր, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայ Եկեղեցու բարերարներ և բազում այլ հավատավոր հայորդիներ:

Վեհափառ Հայրապետը Հայկազուն սրբազանի և Թեմական խորհրդի ատենապետ տիար Սարգիս Տեր-Պետրոսյանի հետ միասին կատարել է առաջնորդարանի հուշաքարի բացումը և հատել մուտքի ժապավենը` ազդարարելով առաջնորդարանի պաշտոնական բացումը:

Տոնական առիթով Նորին սրբությունն իր օրհնության և գնահատանքի խոսքն է ուղղել ներկաներին. «Նորաշեն, մեծ ու գեղեցիկ այս շենքի կառուցումը մի նոր վկայություն է ավստրալիաբնակ մեր ժողովրդի հավատքի և եկեղեցասիրության և ազգային կյանքի հանդեպ նախանձախնդրության: Այդ ոգին է շենացրել այստեղ հայկական կյանքը: Այդ ոգին միավորել է ձեր ծնողներին ու պապերին եկեղեցիներ կառուցելու, դպրոց ունենալու, ազգային կառույցներ ստեղծելու՝ պահպանելու համար ազգային ինքնությունը և հավատքի կյանքը: Տիրոջ օրհնությամբ նոր Առաջնորդարանը ծառայելու է Ավստրալիայում Հայ եկեղեցու առաքելության արդյունավորմանը, հայ համայնքի զորացմանը, որպես ազգի տուն՝ համախմբելով այս մեծ երկրում ապրող մեր ժողովրդի զավակներին: Բոլորիս տեսիլքն է, որ այս նորաշուք հարկի ներքո հատկապես երիտասարդ հայորդիները առնչվեն իրենց արմատներին և առավել ներգրավվեն հոգևոր և ազգային կյանքում», - նշել է Ամենայն Հայոց հայրապետը:

Ամենայն Հայոց կաթողիկոսը իր գնահատանքն ու օրհնությունն է բերել առաջնորդարանի հիմնական բարերարներ տեր և տիկին Լորիս և Սոնյա Խանջյաններին և իրենց ավանդը առաջնորդարանի կառուցմանը բերած Եկեղեցու նվիրյալ զավակներին: Հայրապետական կոնդակով տեր և տիկին Խանջյաններին շնորհվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանը:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հովվապետական այցով է Ավստրալիայում: Այցն ընթանում է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի և թեմական խորհրդի հրավերով:Նորին սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և գավազանակիր Հոգեշնորհ Տեր Անանիա աբեղա Ծատուրյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---