Վարչապետ. Պետաշխատողի որակի բարձրացումն առանց աշխատավարձի բարձրացման անհնար է

Վարչապետ. Պետաշխատողի որակի բարձրացումն առանց  աշխատավարձի բարձրացման անհնար է

PanARMENIAN.Net - ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետական պաշտոնի ստանդարտի բարձրացումն անհնար է առանց պետական պաշտոնյաների ու ապարատի վարձատրության բարձրացման:

«Կառավարությունից վերջին յոթ-ութ ամիսներին հոսք է նկատվում դեպի մասնավոր հատված: Ինչո՞ւ, որովհետև այսօր մենք ասում ենք՝ պարգևավճարներ, ճիշտ ենք ասում: Բայց այդ պարգևավճարները հրապարակային ու ու թափանցիկ ստացած մարդիկ տարի ու կես առաջ ծրարով փող են ստացել, ազատ են եղել բիզնես գործունեությունը պաշտոնների հետ համատեղել, իսկ այսօր այդ ամենը չկա: Այդ մարդը մտածում՝ «ես 150,000 դրամ աշխատավորձով ինչի՞ մնամ այստեղ»: Կառավարության աշխատակազմից արդեն մի քնաի կոնկրետ դեպք կա, մարդիկ գնում են մասնավոր հատվածում աշխատելու, որովհետև այն աշխատանքը, որն իրենցից ակնկալվում է 400,000 դրամով, իրենք ասում են՝ մեզ 1.2 մլն դրամով հենց հիմա առաջարկում են, ինչի՞ մնանք»,- ասել վարչապետը:

Նա նշել է, որ շատ կարևոր է՝ այս հարցերի շուրջ վերջին շրջանում ծավալվող բուռն բանավեճը:

«Ճիշտ հարցադրում է, երբ ասում են՝ պետական պաշտոնյանի աշխատավարձը պետք է բարձրանա, բա թոշակառո՞ւն: Բայց հարց՝ պետական այն պաշտոնյան, ով պետք է զբաղվի թոշակառուի թոշակը բարձրացնելու խնդրի լուծմամբ, եթե բավարար չափով չվարձատրվեց, արդյոք կարողանալո՞ւ է արդյունավետ գործել: Ինչ խոսվում է, արդարացի է խոսվում: Այսօր շատ է խոսվում Պետական եկամուտների կոմիտեի պարգևատրումների չափերի մասին: Եվ, այո, շատ բան ճիշտ է ասվում: Եվ ես ասել եմ արդեն՝ 2019 թվականին պարգևատրումների նախկին ֆոնդը մենք ուղիղ 50 տոկոսով կրճատել ենք: Եվ պետք է հաշվի առնենք, որ Հայաստանի պետական կառավարման համակարգում ծրարով աշխատավարձ տալու ավանդաույթը միշտ է եղել: Այս վեճը իմ և համակարգի միջև սկսվել է մայիսից: Եվ ամենակարևոր ահազանգը, որ ես լսում եմ, հետևյալն է՝ իսկ արդյոք մենք հաշվե՞լ ենք, թե նման գործողությունները պետական բյուջեի եկամուտների հավաքագրման համար ինչ ռիսկեր կառաջացնեն: Չէ՞ որ ասում եմ՝ այս պետական կառավարման համակարգում 90 տոկոսով նույն մարդիկ են, և մենք գալիս ենք, առաջին գործով նրանց վարձատրությունը 50-70 տոկոսով կրճատում ենք, կաշառքից զրկում ենք, նալոգ հավաքելուց զրկում ենք, աշխատավարձն իջեցնում ենք, ասում են՝ գնա հարկեր հավաքի: Ասում է՝ չեմ հավաքում, չեմ հավաքի հարկեր, որ ձեր հեղափոխական կառավարությունը՝ մորուքավորների, չկարողանա պետական բյուջեի եկամուտները հավաքի, չկարողանա թոշակ վճարի, աշխատավարձ վճարի, որ բունտ լինի»,- ասել է Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի, 2018 թվականի մայիսից ամենաառաջին խնդիրը եղել է այն, որ բյուջեի եկամուտները չհավաքագրվեն:

«Այդ համակարգում, իրենց պատկերացմամբ, 90 տոկոսով եղել են իրենց մարդիկ, և հեղափոխության ձախողումն ապացուցելու ամենակարճ ճանապարհը ո՞րն է՝ այո, մարդիկ 2018 թավականի հունվարին վատ էին ապրում, բայց գոնե թոշակ էին ստանում, գոնե աշխատավարձ էին ստանում: Բա պատկերացրեք այս 7 ամսվա ընթացքում մեկ էլ պարզվեր, որ բյուջեն չի հավաքվել, և չենք կարող աշխատավարձ տալ: Կարո՞ղ էր լինել նման սցենար, իհարկե, կարող էր, աշխատո՞ւմ էին ոմանք, որ նման սցենար լիներ, իհարկե, աշխատում էին»,- ասել է Փաշինյանը:

Նա հայտարարել է, որ իր ղեկավարած կառավարությունը ստիպված է եղել «ինչ-որ առումով փրկագին վճարել, որպեսզի կարողանա այս դրսևորումները կառավարել»:

Ավելի վաղ պետական համակարգի աշխատողների պարգևավճարները հանրային աղմուկ են բարձրացրել:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---