Գլազ. ՀԱՊԿ ԳՔ պաշտոնը հյուրանոցային համար չէ, որը կարելի է ամրագրել

Գլազ. ՀԱՊԿ ԳՔ պաշտոնը հյուրանոցային համար չէ, որը կարելի է ամրագրել

PanARMENIAN.Net - Բելառուսը հուսով է, որ հայկական կողմն առաջիկայում կհայտնի, թե երբ է մտադիր հանդիպել Բելառուսի Անվտանգության խորհրդի պետաքարտուղար Ստանիսլավ Զասի հետ, որին Բելառուսն առաջադրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այդ մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ տեղեկատվության և թվային դիվանագիտության վարչության պետ Անատոլի Գլազը, հայտնում է «Բելտա» գործակալությունը:

Զասը հանդիպումներ է ունեցել ՀԱՊԿ անդամ 5 երկրների ղեկավարների հետ, որոնք հավանություն են տվել նրա թեկնածությանը:

«Չէ որ միջազգային ռազմաքաղաքական կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը դա հյուրանոցային համար չէ, որը կարելի է ամրագրել, նույնիսկ եթե դրանից օգտվելու ոչ մի հնարավորություն չկա»,-ասել է Գլազը՝ հավելելով, որ Մինսկը Երևանի հետ կառուցողական գործակցության տրամադրվածություն ունի:

«ՀԱՊԿ-ն արդեն տևական ժամանակ է գլխավոր քարտուղար չունի: Նման իրավիճակն օգուտ չի տալիս կազմակերպությանը և շուտափույթ հանգուցալուծում է պահանջում: Առավել ևս, որ Աստանայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ՀԱՊԿ անդամ պետությունները Բելառուսի թեկնածուի օգտին են արտահայտվել»,-ասել է Գլազը:

«Զասը հանդիպել է 5 երկրի ղեկավարների հետ: Բոլոր նախագահները հավանություն են տվել նրա թեկնածությանը: Քանի որ 2018-ի դեկտեմբերին ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններ էին, իսկ հետո կառավարությունն էր ձևավորվում, մենք ըմբռնումով մոտեցանք այն հանգամանքին, որ ՀՀ վարչապետը հնարավորություն չունի հանդիպելու բելառուս թեկնածուի հետ: Այդ շրջանն ավարտվել է: Ուստի, մենք ակնկալում ենք, որ հայկական կողմն առաջիկայում կհայտնի այդ հանդիպման ժամկետների մասին»,-ասել է Գլազը:

Փետրվարի 7-ին Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար, Հավակաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի արձագանքել իր հետ հանդիպելու առաջարկին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:Զասը տեղեկացրել է նախագահին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ իր հանդիպումների մասին: Նա արդեն այցելել է Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ռուսաստան, որոնց ղեկավարները հավանություն են տվել Զասի թեկնածությանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---