ՀՀ ղեկավար. Բաքուն փորձում է ստիպել Մինսկի խմբին մեղմել դիրքորոշումը

PanARMENIAN.Net - Բանակցությունների միջոցով հնարավոր է հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հավելելով, որ խնդրի կարգավորման խաղաղ միջոցները դեռեւս սպառված չեն: Նախագահի խոսքերով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ պետերբուրգյան հանդիպումից հետո նրա մոտ տպավորություն է ստեղծվել, որ վերջինս եւս տրամադրված է բանակցային գործընթացի շարունակությանը:



Խոսելով այն մասին, որ Բաքվում դժգոհություն են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից` Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Քանի դեռ Ադրբեջանում քննադատություն է հնչում ԵԱՀԿ ՄԽ-ի հասցեին, մենք կարող են հանգիստ լինել»: Ընդ որում, Նախագահը նշել է, որ տվյալ քննադատությունը մի փոքր խորամանկություն է Բաքվի կողմից, ինչի օգնությամբ Ադրբեջանը փորձում է ստիպել միջնորդներին մեղմել իրենց դիրքորոշումները եւ բավարարել ադրբեջանական կողմի պահանջները: Սակայն, Սերժ Սարգսյանի խոսքերով, այդ ամենը չի աջակցում բանակցային գործընթացին:



Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի սպառնալիքներին Ղարաբաղի խնդրի կարգավորման ուժային միջոցին դիմել առումով, Ս. Սարգսյանը հայտարարեց, որ մինչեւ խաղաղ պայմանագրի կնքումը, նախագահն ու պաշտպանության նախարարը միշտ պետք է պատրաստ լինեն հնարավոր ռազմական գործողություններին: Ինչպես նշել է ՀՀ նախագահը, նա ուժ չի խնայի Հայաստանի զինված ուժերի զարգացման համար:



Պատասխանելով հարցին Բաքու Ռուսաստանի նախագահի վերջերս կատարած այցի եւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված պայամանգրի մասին` Սերժ Սարգսյանը նշեց, որ խնդիր չի տեսնում ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարելավման հարցում. կարեւոր է, որպեսզի դրանք չզարգանան Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների հաշվին: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կտրականապես համաձայն չէ այն մտքի հետ, որ Դմիտրի Մեդվեդեւի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը դարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության տապալումը, քանի որ ոչ մի նախագահ չի կարող չճանաչել որեւէ երկրի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը:
 Ուշագրավ
---