Սեֆիլյան. Լռելու և «Սասնա ծուռ» ապստամբների դատաստանին հետևելու ժամանակը սպառվել է

Սեֆիլյան. Լռելու և «Սասնա ծուռ» ապստամբների դատաստանին հետևելու ժամանակը սպառվել է

PanARMENIAN.Net - «Սասնա ծռերի» առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանն, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով զինված խմբի անդամներ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի նկատմամբ շարունակվող դատավարությանը, հայտարարել է, թե «համբերության բաժակը լցվել է»:

Սեֆիլյանը հավելել է, որ «լռելու և ապստամբերի նկատմամբ շարունակվող դատաստանին համբերատար կերպով հետևելու ժամանակը սպառվել է»:

«Սասնա ծուռ» ապստամբներ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը հեղափոխությունից տասը ամիս անց դեռևս բանտում են: Նրանք հեղափոխության նախակարապետներն են, իրենց կյանքը զոհասեղանին են դրել, ապստամբել են պետությունը զավթած ազգադավ ու ցեղասպան ռեժիմի դեմ, մինչդեռ նրանց շարունակում են դատել այդ նույն ռեժիմի օրենքներով, նրա դատախազների ու քննիչների սարքած մեղադրանքով և նրա դատարանում:

Առնվազն տարակուսելի է, որ հեղափոխությամբ պետության ղեկը ստանձնած իշխանությունը, որ իրավմամբ շահագրգիռ է Մարտի 1-ի մեղավորներին բացահայտելու գործում, իր բոլոր քայլերով, այդ թվում՝ ծուղակ հիշեցնող անհեթեթ համաներման ակտով, համառորեն մերժում է Մարտի 1 արած ռեժիմի դեմ ապստամբության իրավունքը, իսկ ապստամբներին հանձնում է նրա ծառաների դատաստանին:

Առնվազն հնարավոր էր, թեկուզ միայն Մարտի 1-ի գործի քննության աղաղակող կեղծիքները հաշվի առնելով, չվստահել Սասնա Ծռերի գործի քննությանը, ապստամբներին ազատ արձակել և զուգահեռաբար քննել ինչպես այդ գործը, այնպես էլ դրա քննության ընթացքում կատարված կեղծիքների գործը»,-ասվում է գրառման մեջ:

Նա հավելել է, որ համբերության բաժակը լցվել է և, եթե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը չազատվեն, ժողովրդի «առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը»:

Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ համաներման որոշումը 2016 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամների վրա չի տարածվի «անգամ մեկ առարկության դեպքում»:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ դեմ է զինված խմբավորման անդամների նկատմամբ համաներման կիրառմանը: ՊՊԾ գնդի գրավման ընթացքում զոհված երեք ոստիկանի հարազատները նույնպես առարկել են նրանց նկատմամբ համաներում կիրառելուն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---