Երևանում ապօրինի շինարարություն է կասեցվել

Երևանում ապօրինի շինարարություն է կասեցվել

PanARMENIAN.Net - Երևանում կասեցվել է հերթական ապօրինի շինարարությունը: Հրազդանի կիրճ 3 և 3/1 հասցեներում հանգստի գոտու կառուցումն ընթացել է քաղաքաշինական կոպիտ խախտումներով, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Հանգստի գոտու կառուցման շինարարական թույլտվությունը քաղաքապետարանը տվել է 2017-ին: Քարե շինությունների փոխարեն պետք է լինեին թեթև կոնստրուկցիաներ, սակայն կառուցապատողը նախընտրել է այս տարբերակը և դեռ ավելին՝ վերջերս էլ դիմել է նախագիծը վերահամաձայնեցնելու և կառուցապատման աշխատանքները շարունակելու խնդրանքով. Երևանի քաղաքապետարանը մերժել է նոր հայտը:

«Իրականում, քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվության հիման վրա կառուցապատումն իրականացվել է համաձայնեցված նախագծի կոպիտ շեղումներով: Այն կասեցված է, ներկայումս կառուցապատողի կողմից որևէ քաղաքաշինական գործունեություն այս տարածքում չի իրականացվում: Կազմվել է համապատասխան արձանագրություն՝ կառուցապատողին վարչական տույժի ենթարկելու համար»,- ասել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը:

«Կառուցապատողի նկատմամբ Երևանի քաղաքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնում ներկայումս գործի քննություն է ծավալվել, սակայն կառուցապատողն էլ իր հերթին է միջնորդություն ներկայացրել՝ գործի նյութերին ծանոթանալու և լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու համար: Այդ կապակցությամբ գործի քննությունը հետաձգվել է, և մենք սպասում ենք մինչև այդ վարույթի ավարտը: Համապատասխան որոշում կայացվելուց հետո արդեն կքննարկվի տվյալ շինության քանդման հետ կապված խնդրի կարգավորումը»,- նշել է Ռուբեն Խոջայանը:

Կառուցապատումն իրականացնում է Տիգրան Ավետիսյանը:

«Եվս մեկ անգամ կխնդրեմ և կհորդորեմ մեր բնակիչներին, որ զերծ մնան կառուցապատման նմանատիպ աշխատանքներ իրականացնելուց: Ակնհայտ է, որ բոլորը բացահայտվելու են, կասեցվելու են և ունենալու են իրենց տրամաբանական ավարտը՝ ընդհուպ մինչև շինության ապամոնտաժում կամ քանդում»,- ընդգծել է Ռուբեն Խոջայանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---