Խամենեին կարևորել է հայ-իրանական տնտեսական փոխգործակցության ընդլայնումն ու խթանումը

Խամենեին կարևորել է հայ-իրանական տնտեսական փոխգործակցության ընդլայնումն ու խթանումը

PanARMENIAN.Net - Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին առանձնակի կարևորում է հայ-իրանական տնտեսական փոխգործակցության ընդլայնումն ու խթանումը: Այդ մասին նա հայտարարել է Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին ողջունել է ՀՀ վարչապետի այցը և նշել, որ տեղեկացվել է Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի բանակցությունների արդյունքներին: Նա իր աջակցությունն է հայտնել հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության զարգացմանն ու այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` ընդգծելով, որ Հայաստանը շահագրգիռ է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմամբ ու ընդլայնմամբ:

Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին և ժողովրդական հեղափոխությանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը տեղեկացրել է, որ ուշադրությամբ հետևել է Հայաստանում խաղաղ և ժողովրդավարական կանոններով տեղի ունեցած գործընթացներին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային տարբեր խնդիրների: Նիկոլ Փաշինյանը և Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին համակարծիք են եղել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով:

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին թագավորական «Սաադաբադ» պալատում ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:Հասան Ռոհանին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին իր հրավերն ընդունելու, Իրան այցելելու համար: «Բարի գալուստ Իրան: Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների կապակցությամբ, որոնք դրսևորվեցին ժողովրդավարական ճանապարհով: Մեր պատմական հարաբերությունները մշտապես եղել են բարեկամական և մենք ցանկանում ենք դրանք առավել ամրապնդել ու զարգացնել: Իրանը մշտապես ցանկանում է հարևանների, մասնավորապես, Հայաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ և շարունակել դրանք: Համոզված եմ, որ Ձեր այցը Իրան կնպաստի երկկողմ քաղաքական, տնտեսական և հումանիտար հարաբերությունների առավել ամրապնդմանը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---