Թորոսյան. Վանաձորի ԲԿ-ի համար շտապ գնում կկատարվի, դիալիզը կանգ չի առնի

Թորոսյան. Վանաձորի ԲԿ-ի համար շտապ գնում կկատարվի, դիալիզը կանգ չի առնի

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորսյանը խոսել է Վանաձորի ԲԿ տնօրենի հետ՝ պարզելու համար, թե արդյոք ԲԿ-ում հեմոդիալիզ ստացող 65 քաղաքացին կունենան հեմոդիալիզի ընդհատում մարտի 1-ից՝ կապված ծախսանյութերի սպառման հետ։

Ֆեյսբուքյան իր գրառման մեջ Թորոսյանը հայտնել է, որ օրենքով սահմանված կարգով շտապ գնում կիրականացնեն և դիալիզի գործընթացը կանգ չի առնի։

«Եվ մեկ խնդրանք այս թեմայով հետաքրքրված բոլոր անձանց։ Խնդրում եմ հիշել, որ հեմոդիալիզը երիկամային անբավարարություն ունեցող անձանց համար կյանք փրկող, բարդ և վտանգավոր միջամտություն է, որը կատարվում է երկու օրը մեկ անգամ և նույնիսկ մեկ օր ուշացնելը կարող է բերել պացիենտի մահվան։ Այս պահին մենք ունենք մոտ 1000 պացիենտ, որոնք ստանում են դիալիզ Հայաստանի 13 մասնավոր և պետական բժշկական հիմնարկներում։ Ավելին, այս պացիենտների կյանքի որակի բարելավման համար մեր կողմից ակտիվ քայլեր են կատարվում դիակային տրանսպլանտոլոգիայի զարգացման ուղղությամբ, որի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի», - գրել է Թորոսյանը:

Ավելի վաղ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է հայտնել ՀՀ պետական վերահսկողական ծառայության 2 աշխատակցի՝ հեմոդիալիզի համար սարքավորումների գնման գործընթացի շուրջ ծագած սկանդալի հետքերով ձերբակալությունների մասին։

Ըստ հաղորդագրության՝ ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժ․պ․ Ս.Ա-ն (Սամվել Ադյանը՝ խմբ․) և նույն վարչության գլխավոր մասնագետ Գ․Խ․-ն (Գևորգ Խաչատրյանը՝ խմբ․) անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2018-2019 թթ. միջամտել են առողջապահության նախարարության և մի շարք բժշկական կենտրոնների համար սարքավորումների ձեռքբերման գնման ընթացակարգերին։

Նպատակն էր ապահովել իրենց կողմից հովանավորվող կազմակերպության հաղթանակը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---