ՀԱՊԿ-ն մտադիր է պատասխանել ամերիկյան ՀՀՊ-ի տեղակայմանը Չեխիայում եւ Լեհաստանում

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունները մտադիր են ստեղծել նոր ռազմական կառույց սահմանների վրա ի պատասխան ամերիկյան ՀՀՊ-ի տեղակայմանը Չեխիայում եւ Լեհաստանում: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Ինչ վերաբերում է երրորդ դիրքային շրջանին, ես կցանկանայի ասել, որ դա այն աշխատանքի տարրերից մեկն է, որն այսօր անց է կացվում ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններում եւ ուղղված է նոր ռազմական ենթակառուցվածքների ստեղծմանն ու Խորհրդային Միության ժամանակների նրա որոշ տարրերի վերականգնմանը»,-ասել է նա:



Ընդ որում կազմակերպության գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՀԱՊԿ բոլոր անդամներին մտահոգում է, երբ իրենց շուրջ ռազմական օբյեկտներ են առաջանում կամ նման լուրջ համակարգեր, ինչպիսին է ՀՀՊ-ն: «Ի դեպ, ՀՀՊ-ն կարելի տարբեր կերպ վերափոխել: Բնական է, դա շատ լուրջ ազդեցություն կունենա անվտանգության վրա, եւ, անշուշտ, մենք հաշվի ենք առնում դա մեր գործունեության մեջ»,-ընդգծել է Ն.Բորդյուժան:



Նրա խոսքերով, ՀԱՊԿ-ն մտադիր է բարեկամական եւ ռազմավարական հարաբերություններ կառուցել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ: «ՇՀԿ-ի հետ մենք համագործակցության բավականին բարձր մակարդակ ունենք եւ մեր գլխավոր խնդիրն է համախբել ջանքերը անվտանգության ապահովման ոլորտում: Եվ մեզ մոտ դա բավականին լավ է ստացվում»,-ասել է Բորդյուժան:



Իր հերթին ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Դենիսովը նշել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները կշարադրեն դեպի արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ իրենց գնահատականը այդ կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի կոմյունիկեում, որը կանցնի 2008թ. սեպտեմբերի 5-ին: «Հաշվի առնելով ՀԱՊԿ երկրների համագործակցության դաշինքային բնույթը, բնականաբար, մենք համակարգում ենք մեր ռազմավարական դիրքորոշումները գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ»,-ասել է նա, նշելով, որ դա վերաբերում է ՆԱՏՕ-ի ընդլայնման ծրագրերի եւ հակաահաբեկչական գործունեության գնհատմանը:



Նա հիշել է, որ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի համատեղ կոմյունիկեում կարտացոլվեն ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերի շուրջ 2008թ. երկրորդ-2009թ. առաջին կիսամյակի համար, գրում է ՌԲԿ-ն:



ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը: ՇՀԿ-ի անդամներ են Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---