Տնտեսվարողները՝ գազավորված ըմպելիքները հարկելու մասին. Կլինեն թանկացումներ

Տնտեսվարողները՝ գազավորված ըմպելիքները հարկելու մասին. Կլինեն թանկացումներ

PanARMENIAN.Net - Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծով առաջարկվում է ակցիզային հարկով հարկել գազավորված ընպելիքները, ինչի արդյունքում դրանք կթանկանան:

Ըստ օրենսգրքում փոփոխությունների նախագծի նախնական տարբերակի, առաջարկվում էր ակցիզային հարկով հարկել 100 գրամ ըմպելիքի մեջ 5 և ավելի գրամ շաքար պարունակող ըմպելիքները:

Մինչդեռ նախագծի լրամշակումից հետո նախատեսվում է հարկել ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դիրքին դասվող բոլոր ըմպելիքները՝ այդ թվում, շաքար չպարունակող գազավորված ըմպելիքները՝ անկախ շաքարի պարունակությունից. նոր տարբերակով հարկի դրույքաչափը մեկ լիտրի համար 30 դրամ է սահմանված:

Գազավորված ըմպելիք արտադրող ընկերության ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպմանն ահազանգել են, որ հարկի կիրառումից հետո կթանկանան բոլոր գազավորված ըմպելիքները, ինչն էլ իր հերթին կհանգեցնի այս ընկերությունների տնտեսական կայունության խաթարմանը:

«Պեպսի Կոլա» ընկերության տնօրեն Գուրգեն Նարիմանյանը նշել է, որ բարձր կատեգորիայի ապրանքները կթանկանան 10-15%-ով, իսկ ցածր գնային կատեգորիայի ապրանքները կթանկանան 30-40%-ով։

«Հաշվի առնելով հարկվող ընկերությունների ստեղծած ընդարձակ արժեքային շղթան՝ առաջարկվող օրենսդրական նախաձեռնության բացասական ազդեցությունը չի սահմանափակվի միայն հարկվող ընկերությունների վաճառքի ծավալների, եկամուտների և շահութաբերության կրճատմամբ, այլ անխուսափելիորեն կազդի արժեշղթայի բոլոր մասնակիցների վրա՝ ներառյալ մատակարարները, մեծածախ և մանրածախ վաճառողները: Արդյունքում կնվազեն թե ոլորտի ընկերություններից, թե շղթայի մասնակիցներից ստացվող հարկերը», - ասել է նա:

Ըստ ընկերության տնօրենի՝ արժեշղթան ստեղծող ընկերությունների շուրջ 70% հանդիսանում են տեղական ձեռնարկություններ՝ արտադրողներ և ապրանք իրացնողներ. նրանց եկամուտների կրճատումով պայմանավորված վճարվող հարկերի քանակի կրճատումը բավական զգալի կլինի:

«Սա բացասական ազդեցությունը կունենա հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների վրա: Գնային ցածր սեգմենտում գործող այս ընկերությունների համար նոր ակցիզային հարկի կիրառումը կբերի ավելի զգալի գնաճով պայմանավորված վաճառքի ծավալի խիստ կրճատում, հետևաբար նաև դժվարացնելով և անհնար դարձնելով դրանց հետագա գործունեությունը: Հատկապես փոքր և միջին ընկերությունների գործունեության դադարեցումը, ոչ միայն կբերի աշխատատեղերի կրճատմանն ու վճարվող հարկերի նվազեցմանը, այլև կհանգեցնի շուկայում մրցակցության անկմանը», - նշել է նա՝ հավելելով, որ ներկա պահին սառեցվել են ոլորտում գործող ընկերությունների նախատեսվող ներդրումային ծրագրերը:

«Կոկա-Կոլա» ընկերության հասարակական կապերի և հաղորդակցության տնօրեն Էլինա Մարգարյանը հայտնել է, որ գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունները հանդիպել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, քննարկումներ են եղել ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ:

Նա հավելել է, որ առաջարկել են շրջանառությունից հանել այս նախաձեռնությունը, ինչպես նաև առաջարկել են քննարկումներ սկսել այլ նախաձեռնության շուրջ։

«Հայ կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը, որի ընկերությունը մոտ 23 տարի է, նույն որակի և գնի ապրանքատեսակ է արտադրում, կարծում է, որ այս օրենսդրական փոփոխությունը ավելի շատ կազդի փոքր ու միջին տնտեսվարողների վրա։

«Մեր ընկերությունում աշխատում են 100 հոգի, ես օրերս ժողով եմ արել և ասել, որ իրենց համար նոր աշխատանք փնտրեն, քանի որ օրենսդրական փոփոխությունից հետո, ակցիզային հարկի ավելացումից հետո կրճատումներ կլինեն», - ասել է նա:

Տնտեսվարողները պնդել են, որ այս նախաձեռնությունն առողջապահական շատ աննշան ազդեցություն է ունենալու, քանի որ ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների սպառումը Հայաստանում կազմում է միջինում օրական սպառվող ըմպելիքների 1%-ից պակաս, այն դեպքում երբ միջազգային խորհուրդ տրվող օրական ցուցանիշը շուրջ 1.7% է:

Այսպիսով ընպելիքների հաշվին ստացվող կալորիաների ակնկալվող նվազումը գնահատվում է ոչ ավել քան 0.08-0.09%:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---