Գերմանացի գործարարներին ներկայացրել են ՀՀ-ում ներդրումների գրավչությունը

Գերմանացի գործարարներին ներկայացրել են ՀՀ-ում ներդրումների գրավչությունը

PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը գերմանացի գործարարներին է ներկայացրել Հայաստանի ներդրումային գրավչությունները:

Գերմանացի գործարարները Հայաստան են ժամանել Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության կողմից կազմակերպված այցի շրջանակներում։

Նախարար Խաչատրյանը ողջունել է հյուրերին և հույս հայտնել, որ նրանց այցը կլինի արդյունավետ՝ գտնելու համապատասխան հայաստանյան գործընկներին, հաստատելու գործարար կապեր։

Տիգրան Խաչատրյանը գերմանացի ներդրողներին է ներկայացրել ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը՝ ընդգծելով, որ գործադիրի ծրագրի առաջնահերթություններից են գործարար և ներդրումային միջավայրի այնպիսի բարեփոխումները, որոնք ամենաբարենպաստ պայմանները կստեղծեն օտարերկրյա ներդրումային ծրագրերի համար։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հյուրերի ուշադրությանն է ներկայացրել Հայաստանի ներդրումային գրավչությունները, արտոնյալ պայմանները, ապա անդրադարձել տնտեսության այն ոլորտներին, որոնք զարգացման առավել մեծ չիրացված ներուժ են պարունակում։ Նախարարն ընդգծել է, որ կառավարությունը ձեռնարկում է առկա կարգավորումների առավելագույն պարզեցում։

Ներդրողներին ուղեկցող Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը շնորհակալություն է հայտնել նախարարին և նշել․ «Սա վերջին տարիների գերմանական ամենամեծ գործարար պատվիրակությունն է Հայաստանում, ինչը հավաստում է մեր երկու երկրների միջև ծավալվող դինամիկ և աշխույժ հարաբերությունները, հատկապես՝ վերջին շրջանում»։

Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության գործադիր ղեկավար Ուտե Կոխլովսկի-Քաջայան շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման և կարևոր տեղեկատվության համար և ներկայացրել միության գործունեության շրջանակը։

Պատվիրակության անդամները նախարարին պատմել են իրենց բիզնես գործունեության և Հայաստանում հետաքրքրությունների մասին տարբեր ոլորտներում՝ ենթակառուցվածքներ, վերականգնվող էներգետիկա, բժշկական սարքավորումներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, լոգիստիկա և այլն։

Նախարարը հաջողություն է մաղթել գործարարների խմբին՝ հավաստիացնելով, որ նախարարությունը պատրաստ է աջակցել իրենց բիզնես նախաձեռնություններում։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---