11 մարտի 2019 - 13:03 AMT
Մարուքյան. Եթե երկրից զինվոր է դուրս գալիս, ընթացակարգը պետք է պահպանվի

ԼՀԿ խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը խմբակցության անունից դիմել է ԱԺ նախագահին՝ պահանջելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ձևավորել խումբ և մեկնել Սիրիա՝ այցելելով այնտեղ հումանիտար առաքելություն իրականացնող հայկական խմբին:

«Եթե երկրից զինվոր է դուրս գալիս, ինչ անունով էլ դա լինի, պետք է ընթացակարգը պահպանվի և այն անցնի խորհրդարանի միջով: Սակայն այս անգամ խորհրդարանը շրջանցվել է ու մեր զինվորները գնացել են առանց խորհրդարանի հաստատման: Մենք առաջարկում ենք խորհրդարանական վերահսկողություն», - ասել է Մարուքյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նա ընդգծել է, որ արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում իր առաջարկը մերժվել է, բայց ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ խորհդարանական վերահսկողության այլ լծակներ ձեռք բվերեն:

«Ես դա մեծ հաշվով չեմ պատկերացնում: Եթե այց չկա, հիմա ինչ պետք է անենք, չգիտեմ», - ասել է Մարուքյանը:

Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում մարտի 7-ին հայ սակրավոր է վիրավորվել։ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ հաղորդմամբ, վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում։Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Սակրավորն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել:

Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: Ականազերծման աշխատանքները շարունակվում են: