ԱԳՆ. Արցախի մասնակցությունը բանակցություններին սկզբունքային է, բայց ոչ նախապայման

ԱԳՆ. Արցախի մասնակցությունը բանակցություններին սկզբունքային է, բայց ոչ նախապայման

PanARMENIAN.Net - Արցախը բանակցային գործընթացում ներգրավելու հարցը սկզբունքային և կարևոր հարց է, բայց ոչ նախապայման: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների հետ ունեցած փակ հանդիպումից հետո։

«Սա նախապայման չէ, մենք ցանկանում ենք շարունակել և լուծում գտնել այս խնդրին։ Ի վերջո, խնդիրը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, որը ձևավորված քաղաքական միավոր է, ունի ինստիտուցիոնալ համակարգ արտահայտելու իր ժողովրդի կամքը և մոտեցումները, ունի ընտրված իշխանություն, և այդ համակարգը ճանաչված է միջազգային հանրության կողմից տարբեր փաստաթղթերում»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

«Մենք չենք անելու որևէ բան, որը բանակցությունները փակուղի է տանելու, մենք մնում ենք հավատարիմ գործընթացի խաղաղ կարգավորմանը, որը շատ էական հարց է, և շատ վճռական շարժվելու ենք այդ ուղղությամբ»,- ասել է նա՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Բաքվի համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ձևաչափը փոխելու հայկական կողմի ձգտումը, և դիտարկվում է որպես բանակցությունների արգելափակման փորձ:

«Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության միակ երաշխավորը: Մեր դերակատարությունը շատ լավ հասկանալով և մնալով հավատարիմ խաղաղ և բանակցային գործընթացին, մենք աշխատում ենք և կարող ենք ունենալ մոտեցումներ, որոնք ենթակա են քննարկման և բանակցությունների մեր արցախցի գործընկերների հետ, որը շատ նորմալ երևույթ է»,-ասել է նա:

Մնացականյանի խոսքով՝ Հայաստանն այսօր բանակցում է և ԼՂՀ-ի հետ և ապա Մինսկի խմբի շրջանակներում՝ Ադրբեջանի հետ և այդ առումով շատ ավելի գործնական և արդյունավետ կլինի, երբ որ կկարողանան համալրել բանակցային գործընթացն այնպես, որպեսզի արդյունավետության առումով կարողանան ապահովել այդ համապարփակությունը բանակցային գործընթացում։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարել էր. «Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը: Այս դիրքորոշումն արտահայտում է մեր հարգանքը ոչ միայն Արցախի ժողովրդի և նրա իրավունքների, այլև բանակցային գործընթացի մասնակից մեր բոլոր գործընկերների նկատմամբ, որովհետև մենք իրապես շահագրգիռ ենք և ուզում ենք հասնել հարցի բացառապես խաղաղ կարգավորմանը և հավատում ենք բանակցային գործընթացին, որի արդյունավետությունը մեզ համար կարևորագույն առաջնահերթություն է, իսկ բանակցային գործընթացի արդյունավետության առումով այս հարցը, ինչպես նշեցի, առանցքային նշանակություն ունի»:

Ստեփանակերտում կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ԼՂ հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող սկզբունքներին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---