3 ապրիլի 2019 - 17:17 AMT
ՀՀ-ն և Ռումինիան կարևորում են տնտեսական կապերի աշխուժացումը

ՀՀ-ն և Ռումինիան անհրաժեշտ են համարում երկու երկրների միջև տնտեսական կապերի աշխուժացման, այս ոլորտում զարգացումը խթանող երկուստեք քայլերի ձեռնարկումը: Այդ հարցը քննարկվել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպմանը Ռումինիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի հետ:

Ռումինիայի խորհրդարանի պատգամավորը Հայաստան էր ժամանել նոր բացված Բուխարեստ-Երևան չվերթով: Այս համատեքստում կարևորվել է Ռումինիա-Հայաստան ուղիղ օդային կապի առկայությունը՝ նշելով, որ այն կխթանի զբոսաշրջությունը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը և Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Ոսկանյանը քննարկել են նաև երկու երկրների միջև խորհրդարանական կապերի ամրապնդման, այս ոլորտում առկա ներուժի օգտագործմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև Ռումինիայի հայ համայնքին, համայնքում առկա խնդիրներին ու հեռանկարներին: Կարևորվել է Հայաստանի հետ կապերի ամրապնդումը մշակութային, գիտական և կրթական ոլորտներում: