ՀԱԵ-ն փիլոնազուրկ է հայտարարել Տեր Ղազարին «հոգևորականին ոչ հարիր կեցվածքի» համար

ՀԱԵ-ն փիլոնազուրկ է հայտարարել  Տեր Ղազարին «հոգևորականին ոչ հարիր կեցվածքի» համար

PanARMENIAN.Net - Արարատյան Հայրապետական թեմը «հոգևորականին ոչ հարիր կեցվածքի» համար փիլոնազուրկ է հայտարարել է Տեր Ղազար քահանային, որն ապրիլի 5-ին մասնակցել է խորհրդարանի առջև ԼԳԲՏ համայնքի դեմ բողոքի ակցիային:

Փիլոնը մարմինը փաթաթող և կրծքի վրա ճարմանդով ամրացվող սև կտորից կարված զգեստ է, որը գործածվում է ժամերգությունների և աստվածապաշտական այլ արարողությունների ժամանակ։ Ծայրագույն վարդապետները և եպիսկոպոսները (ինչպես և կաթողիկոսը) որպես պատվո նշան կրում են մանուշակագույն ծաղկյա, իսկ վարդապետները՝ սև ծաղկյա փիլոններ։ Սև ծաղկյա փիլոնները, որպես պատվո նշան, հայրապետական կոնդակով շնորհվում են նաև ավագ քահանաներին։

«Իր հովվական առաքելությունից շեղվելու, հուզական պոռթկումների տակ ճշմարտությունից հեռանալու համար Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը Արարատյան Հայարպետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ հայտարարվել է փիլոնազուրկ մինչև Ավագ Շաբաթ», - հայտնել է թեմի տեղեկատվական համակարգը:

Նա գտնվում է ԱՀԹ Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հսկողության ներքո:

«Ինչպես բոլոր հոգևորականները, Տեր Ղազարն իրավունք ունի իր վրդովմունքն արտահայտելու այլասերության քարոզի շուրջ, սակայն անընդունելի է քաղաքական հայտարարություններ անելը և քաղաքացուն ոչ հարիր կեցվածք ցուցաբերելը: Կոչ ենք անում մեր հավատավոր ժողովրդին մեկտեղվել ազգային ու հոգևոր արժեքների պահպանության առաքելության շուրջ, զերծ մնալ ավելորդ ու ծայրահեղ դրսևորումներից՝ ի շահ մեր ժողովրդի և մեր պետականության», - ասված է հաղորդագրության մեջ:

Արարատյան Հայրապետական թեմն իր մտահոգությունն է նաև հայտնել վերջին շրջանում առավել ակտիվացած «օտարածին արժեքների քարոզչության» շուրջ:

«Հայ Եկեղեցու հոգևորականների կողմից բազմիցս բարձրաձայնվել է, որ Հայ Առաքելական Եկեղեցին չի դատապարտում որևէ անձի՝ հավատալով, որ յուրաքանչյուրն Աստծո առաջ ապաշխարելու, մեղքերի թողություն ստանալու և դարձի գալու հնարավորություն ունի: Սակայն Եկեղեցին խստորեն դատապարտում է մեղքն ու մեղքի քարոզը: Ցավով նկատում ենք, որ այլասերության ու անբարոյականության ակտիվացած քարոզը առավել բևեռացնում է մեր ժողովրդին: Համաշխարհային մարտահրավերներին ընդառաջ մեզ առավել քան երբևէ պետք է համախմբված ու մեկտեղված լինել՝ մեր պետականությունն առավել ամուր ու հզոր դարձնելու գործում՝ առաջնորդվելով ազգային և հոգևոր արժեքներով: Դատապարտելով այլասերության քարոզի բոլոր դրսևորումներն՝ այդ ամենի դեմ պայքարում կարևորում ենք խոհեմ ու քաղաքակիրթ կեցվածքը», - ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱԺ շենքի մոտ խորհրդարանի ամբիոնից տրանսգենդեր քաղաքացու ելույթից վրդովված մի խումբ մարդիկ ու ՀԿ-ներ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանց թվում էր նաև Տեր Ղազար քահանան, որը փորձել էր արգելափակել Բաղրամյան պողոտան, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին «մահապատժի ենթարկելու» կոչեր հնչեցրել, և վիրավորել օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---