Վարչապետն ու նախագահը շնորհավորել են եզդիներին Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ

Վարչապետն ու նախագահը շնորհավորել են եզդիներին Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է եզդիական համայնքին Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ:

«Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Հայ և եզդի ժողովուրդների անկեղծ բարեկամությունը դարերի պատմություն ունի: Ապրելով կողք կողքի և կիսելով թե՛ ուրախություն, թե՛ վիշտ՝ մենք ձեռք ենք բերել համագործակցության, ստեղծագործ աշխատանքի և ընդհանուր արհավիրքների դեմ համատեղ պայքարի փորձառություն:

Մալաքե Թաուսը խորհրդանշում է նոր հույս և երազանք, գարնանային վերածնունդ, ուստի մաղթում եմ, որ նոր տարին լիակատար խաղաղություն, ներդաշնակություն և նորանոր ձեռքբերումներ բերի՝ ի շահ և ի բարօրություն մեր Հայաստանի ու մեր սիրելի եզդի հայրենակիցների»,-ասվում է վարչապետի ուղերձում:

Եզդիական համայնքին իր շնորհավորանքներն է հղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ գալիք Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ:

Հայ և եզդի ժողովուրդները միասին են կերտել դարերի պատմություն ունեցող բարեկամությունը: Մենք միասին ենք անկախություն հռչակել և միասին ենք լծվել Հայաստանի Հանրապետության կառուցմանը, բանակի հզորացմանն ու սահմանների պաշտպանությանը: Միասին ենք շարունակում հաղթահարել դժվարությունները, կերտել հաղթանակներն ու ձեռքբերումները:

Այսօր էլ մենք միանում ենք ձեր տոնախմբությանը՝ ձեզ հետ կիսելով տոնական բերկրանքն ու ուրախությունը: Թող այս Նոր տարին Հայաստանի եզդիների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի: Մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ և ամենայն բարիք: Շնորհավոր Չարշամա սարե սալե»,-ասվում է նախագահի ուղերձում: :

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---