3 սեպտեմբերի 2008 - 14:49 AMT
Հայկ Դեմոյան. Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հնարավոր հանդիպումը աննախադեպ եւ շատ կարեւոր իրադարձություն է
«Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Աբդուլլահ Գյուլի հնարավոր հանդիպումը աննախադեպ եւ շատ կարեւոր իրադարձություն է ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների, այլ նաեւ ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար»,-այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա խոսքերով, Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման մեջ շահագրգռված են ոչ միայն բուն կողմերը, այլ նաեւ համաշխարհային տերությունները:

«Թուրքական կողմը չի շտապում պաշտոնապես հայտարարել, կընդունի արդյոք նախագահ Գյուլը իր հայ գործընկերոջ հրավերը թե ոչ: Հասկանալի է, որ թուրքական կողմը պետք է քննարկի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Աբդուլլահ Գյուլի հանդիպման դրական եւ բացասական կողմերը»,-նշել է Հ.Դեմոյանը եւ ընդգծել, որ թուրք նախագահի հնարավոր այցը կարող է նոր սկիզբ հանդիսանալ հայ-թուրքական հարաբերությունների նոր զարգացումների համար: Նա նաեւ քիչ հավանական է համարել հայ-թուրքական սահմանի բացման հարցի քննարկումը երկու նախագահների հանդիպման ժամանակ:

«Աբդուլլահ Գյուլին հղած հրավերը Երեւան` Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղը դիտելու համար, ճիշտ քայլ էր Հայաստանի նախագահի կողմից եւ սա շանս է երկու կողմերի համար»,-հայտարարել է Հայկ Դեմոյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին հրավիրել է դիտելու 2010 Աշխարհի առաջնության շրջանակներում Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք խաղը: Նշենք, որ այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի նախագահի հատուկ բանագնաց Ունալ Չեւիքյոզը քննարկել են Գյուլի Երեւան կատարելիք այցի մանրամասները: