«Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի» գործով վարչապետը 650,000 դրամ փոխհատուցում է պահանջել

«Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի» գործով վարչապետը 650,000 դրամ փոխհատուցում է պահանջել

PanARMENIAN.Net - Հունիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ամբողջությամբ հրաժարվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ներկայացված քաղաքացիական հայցից՝ հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու վերաբերյալ։

Սակայն պատասխանող կողմը՝ վարչապետի փաստաբան Գևորգ Գյոզալյանը, Քոչարյանի ներկայացուցչին ուղղված փոխհատուցման պահանջ է ներկայացրել՝ 650 հազար դրամի չափով, հայտնում է Aysor.am-ը:

«Այս հայցը ներկայացնելն անիմաստ էր։ Իմ վստահորդը, բնականաբար, կատարել էր ծախսեր, ինչպես բոլորդ գիտեք, իմ վստահորդի եկամտի աղբյուրն իր աշխատավարձն է և որպեսզի կանխվեն հետագա անհիմն հայցերը իմ վստահորդի դեմ, ապա այո՛, մենք հետամուտ ենք լինում, որ այդ հարցը լուծվի։ Այն մարդիկ, ովքեր իմ վստահորդի դեմ անհիմն հայցեր կներկայացնեն, դրա դիմաց պետք է վճարեն», - նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Փաշինյանի ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը։

Դատական նիստում Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ գումարի այդ չափը ողջամիտ չէ։ Այս կապակցությամբ Գյոզալյանն ասել է, որ համաձայն չէ ու ավելացրել. «Իմ վստահորդը ծախսեր է արել՝ վճարելով «Գյոզալյան և ընկերներ» փաստաբանական գրասենյակին՝ իրավաբանական բնույթի ծառայություններ ստանալու համար։ Այդ ծառայությունները մատուցվել են»։

«Ես մյուս կողմի դատական ծախսերի չափը համարեցի ոչ ողջամիտ՝ նկատի ունենալով, որ այս դատավարությունը տեղի չի ունեցել։ Եթե այս դատավարությունը տեղի ունենար ու տևեր բավական երկար ժամկետ, ես էլ իմ հերթին դատական ծախսեր կներկայացնեի ու դա կլիներ ողջամիտ», - իր հերթին ասել է Հայկ Ալումյանը։

Այս կապակցությամբ դատարանը որոշումը կհրապարակի հունիսի 24-ին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայց էր ներկայացրել դատարան, որի առարկան էր՝ պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին հրապարակային ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար․«Ասում է անձեռնմխելի է, ի՞նչ է նշանակում անձեռնմխելի է, այսինքն կարելի է մարդկանց սպանությունը կազմակել և ասել անձեռնմխելի եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրված»:

Հունիսի 12-ի դատական նիստում Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի արված հայտարարությունները ուղղված չեն եղել Ռոբերտ Քոչարյանին.

«Նիկոլ Փաշինյանի կողմից արված այդ արտահայտությունը վերաբերել է սահմանադրաիրավական նորմի մեկնաբանությանը և, միանշանակ, չի վերաբերել պարոն Քոչարյանին»: Այդ պատճառով էլ Քոչարյանի փաստաբանը դատարանում հայտարարել էր, որ հրաժարվում են ներկայացված հայցից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---