Ազնավուրի անվան արվեստի դպրոցում չարաշահումների գործով մեղադրվում են տնօրենն ու հաշվապահը

Ազնավուրի անվան արվեստի դպրոցում չարաշահումների գործով մեղադրվում են տնօրենն ու հաշվապահը

PanARMENIAN.Net - Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին և հաշվապահին, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՈԱԿ-ի տնօրենը՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնավարման ընթացքում իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է առանձնապես խոշոր չափի գումարի յուրացում և պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես, ըստ կոմիտեի, նախնական քննության տվյալներով՝ տնօրենն իր որդուն աշխատանքի է ընդունել Արմավիրի մարզի «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում՝ որպես խմբավար, սակայն նախապես տեղյակ լինելով վերջինիս աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու մասին՝ չի արձանագրել այդ փաստը և 2011թ. փետրվարի 1-ից մինչև 2018թ. օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում ամեն ամիս կազմել, իր ստորագրությամբ և ՀՈԱԿ-ի կլոր կնիքի դրոշմով վավերացրել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը՝ դրանում ներառելով որդու և նրա կողմից փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ:

Այնուհետև հիշյալ կեղծ տեղեկագրերը հանձնել է դպրոցի հաշվապահին և հրահանգել բոլոր աշխատողների, այդ թվում նաև՝ որդու անվամբ կատարել աշխատավարձի հաշվարկներ:

Արդյունքում՝ ՀՈԱԿ-ի հաշվապահը վերը նշված ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար տնօրենի որդու անվամբ կատարել է աշխատավարձի հաշվարկ, իսկ ՀՈԱԿ-ի տնօրենը, 2011թ. փետրվարի 1-ից մինչև 2018թ օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում որդու անվամբ հաշվարկված ընդհանուրը 7.202.434 դրամ աշխատավարձից փաստացի վճարման ենթակա առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուրը 5.392.697 դրամ գումարն անձամբ ստանալով, յուրացրել է:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ 179-րդ հոդվածի [Յուրացնելը կամ վատնելը] 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի [Պաշտոնեական կեղծիքը] 1-ին մասով, իսկ հաշվապահին՝ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ու 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---