ՀՀ և Իրանի միջկառավարական հանձնաժողովը երկկողմ հետաքրքրության հարցեր է քննարկել

ՀՀ և Իրանի միջկառավարական հանձնաժողովը երկկողմ հետաքրքրության հարցեր է քննարկել

PanARMENIAN.Net - Փոխվստահության ու բարիդրացիության ավանդույթների վրա հիմնված հայ-իրանական կապերի ներկայիս բարձր մակարդակը հանդիսանում է երկու երկրների միջև հաստատված փոխշահավետ համագործակցության խորացման գրավականը: Այդ մասին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է Թեհրանում ՀՀ և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստում:

Նիստը նախագահել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը, հայտնում է փոխվարչապետի մամուլի ծառայությունը:

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հարցը, անդրադարձել են էներգետիկայի, բնապահպանության, տրանսպորտի, ֆինանսական, առևտրատնտեսական, կրթության, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում հարաբերությունների զարգացման հնարավորություններին:

Փոխվարչապետը արդյունավետ է գնահատել այս օրերին աշխատանքային խմբերի կատարած համատեղ աշխատանքը և վստահություն հայտնել, որ նիստին հատկացված ժամանակը առավելագույնս կօգտագործվի երկու երկրների առևտրատնտեսական ոլորտին վերաբերող օրակարգում եղած խնդիրները համաձայնեցնելու նպատակով:

Փոխվարչապետը շեշտել է, որ 16-րդ միջկառավարական նիստը առաջինն է երկու երկրների խորհրդարանների կողմից ԵՏՄ անդամ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի վավերացումից հետո: Նա նիստը լավ առիթ է համարել անդրադառնալու նաև համաձայնագրի շրջանակներում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով առևտրային հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններին:

Նիստի ավարտին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստի մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---