25 սեպտեմբերի 2008 - 20:40 AMT
Բարոնուհի Քերոլայն Քոքսը պարգեւատրվել է Հայաստանի վարչապետի հուշամեդալ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այսօրվա որոշմամբ, հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ հայ ժողովրդի հետ ունեցած բարեկամական հարաբերությունների համար, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ, Բրիտանահայկական խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսը պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ՀՀ վարչապետը մեդալը բարոնուհուն է հանձնել այսօր ՀՀ կառավարությունում նրա հետ հանդիպման ժամանակ:

ԼՂՀ եւ ՀՀ հերթական այցի ընթացքում բարոնուհի Քոքսին ուղեկցում է Հայաստանով եւ Արցախով հետաքրքրված պատվիրակություն, որի անդամները, բարոնուհու հավաստմամբ, հետագայում դառնալու են Հայաստանի լավագույն բարեկամները:

Ողջունելով հյուրերին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երախտագիտության եւ շնորհակալական խոսքեր է հղել Քերոլայն Քոքսին` նշելով, որ մեր ժողովրդի համար լեգենդար անձնավորություն դարձած բարոնուհին շատ լավ հայտնի է Հայաստանում եւ Արցախում` իր իրականացրած բազմաթիվ առաքելությունների շնորհիվ: Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը տեղեկացրել է ՀՀ կառավարության ղեկավարին իր հերթական այցի առիթի մասին` նշելով, որ այցի ժամանակի մեծ մասն անցկացրել է Արցախի սուրբ հողում` մասնակցելով այնտեղ տասը տարի առաջ իր ջանքերով հիմնադրված եւ Հարավային Կովկասում լավագույններից մեկը համարվող վերականգնողական կենտրոնի հոբելյանական միջոցառումներին:

Բարոնուհի Քոքսը շնորհակալություն է հայտնել վարչապետին` պարգեւի եւ ջերմ խոսքերի համար: Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը նա հետաքրքրվել է նաեւ ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացի վրա Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության հռչակման հնարավոր ազդեցության, Թուրքիայի նախագահի` Հայաստան կատարած այցից հետո հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի եւ հայկական իշխանությունների մոտեցումների վերաբերյալ հարցերով: Վարչապետը բարոնուհուն հանգամանորեն ներկայացրել է հիշյալ հարցերի վերաբերյալ մեր երկրի պաշտոնական տեսակետը, որը տարբեր առիթներով մինչ այժմ ներկայացվել է: