Սինանյան. Ինչպե՞ս կարող են բոլորն ինձ սիրել ու ինձ հետ համաձայնել

Սինանյան. Ինչպե՞ս  կարող են բոլորն ինձ սիրել ու ինձ հետ համաձայնել

PanARMENIAN.Net - Վարչապետի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար նշանակված Զարեհ Սինանյանն, արձագանքելով լրագրողների այն դիտարկմանը, թե սփյուռքում այնքան էլ միանշանակ չեն ընդունել իր նշանակումը, ասել է, որ տեղյակ չէ՝ այդ ինչ աղմուկ է:

«Սոցիալական ցանցերում այնքան բաներ են ասում, կոնկրետ ասեք ինչ են ասում՝ պատասխանեմ: Ես 13 տարի հասարակական գործունեությամբ եմ զբաղվել, 6,5 տարի էլ քաղաքական գործիչ եմ եղել՝ ընտրված, ո՞նց կարող է բոլորը ինձ սիրեն ու բոլորը ինձ համաձայնեն: Կարող են լինել անհատներ, Աստված իրենց հետ, ժողովրդավարական երկիր է, մարդիկ իրենց կարծիքն ունենալու իրավունքն ունեն»,-ասել է նա, հայտնում է «Առավոտը»:

Սինանյանը խոսել է գրասենյակի կառուցվածքի, բյուջեի մասին: «Գլխավոր խնդիրը սփյուռքի հետ հարաբերությունների բարելավումն ու ամրապնդումն է»,-ասել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե ո՞րն է համարում ամենացավոտ խնդիրը, որ կա Հայաստան-սփյուռք հարաբերություններում՝ Սինանյանն ասել է. «Շատ ցավոտ խնդիր չկա, այս պահին մենք դեռ վերականգնում ենք վստահությունը Հայաստան պետության նկատմամբ, այդ վստահության պակասը առաջացել էր նախորդ իշխանության վարած շատ ցավալի քաղաքականության արդյունքում՝ ոչ միայն սփյուռքի, այլ ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ»:

Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչն իրեն գրավեց, որ ԱՄՆ-ի նման երկիրը թողեց ու եկավ Հայաստան: Սինանյանը պատասխանել է. «Հայրենիքը գրավեց ինձ, Հայրենիքում աշխատելու և դրական փոփոխության մեջ դեր խաղալու հնարավորությունը»:

Անդրադառնալով այն հարցին, թե վարչապետի առաջարկը սպասելի՞ էր՝ նա պատասխանել է, որ ոչ այնքան, բայց տրամաբանական է համարում. «Ինչո՞ւ՝ ոչ: Փաստորեն հա՛մ Հայաստան եմ, հա՛մ սփյուռք եմ միաժամանակ, աշխատանքով պետք է ապացուցեմ, որ դա լավ ընտրություն էր, հաստատ գիտեմ, որ կարող եմ լավ աշխատել եւ հույս ունեմ, որ աշխատանքս կունենա ցանկալի արդյունքները»:

Հունիսի 14-ին ամերիկյան Գլենդեյլ քաղաքի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար:Զարեհ Սինանյանը Գլենդեյլի քաղաքապետ դարձել էր 2014-ին։ Նա ներգրավված է եղել Հայ դատի աշխատանքներում՝ աջակցելով Հայաստանի, Արցախի և Հայոց ցեղասպանության խնդիրները բարձրացնելու գործին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---