Քաղաքապետ. Տրանսպորտային նոր ցանցի ներդրման համար առնվազն 2 տարի է պետք

Քաղաքապետ. Տրանսպորտային նոր ցանցի ներդրման համար  առնվազն 2 տարի է պետք

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսվում են նոր երթուղային ցանցով:

Նա նշել է, որ տրանսպորտային նոր ցանցի ներդրման համար կպահանջվի առնվազն 2 տարի.վարկի տրամադրում, մրցույթի միջոցով նոր շարժակազմի ձեռքբերում, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում:

Մինչ այդ, Երևանի քաղաքապետը մի շարք առաջարկներ է ներկայացրել մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերություններին:

Միասնական ցանցն ապահովելու է ինտեգրված սակագնային և տոմսային ճկուն համակարգ, տրանսպորտային նոր ցանցով ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաև տրանսպորտային միջոցների քանակը: Կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: Ավտոբուսների քանակի մեջ ներառված են նաև պահուստային միջոցները, որոնք ընդհանուրի 15 տոկոսն են կազմում, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

«Բոլոր բանակցություններում թե կառավարության, թե ձեզ հետ, կարևորում եմ քաղաքի ու քաղաքացիների շահը: Մայրաքաղաքի համար այս նախագիծը պետք է հնարավորին մատչելի լինի, բնակիչների համար ապահովի առավելագույն հարմարավետություն, և քաղաքն ու բնակիչները պետք է զերծ մնան ինչ-որ կոլապսներից, տրանսպորտային խնդիրներից: Հաշվի ենք առնում նաև բնապահպանական խնդիրները՝ էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց ունենալու համար»,- նշել է Մարությանը:

«Երթուղային նոր ցանցի սպասարկման հարցում կարծիքներն ու մոտեցումները դեռևս տարբեր են»,- նկատել է քաղաքապետն ու ընդգծել՝ կա երկու տարբերակ՝ կամ այն իր վրա կվերցնի համայնքը, կամ կլինի համայնք և մասնավոր հատված համագործակցություն, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

«Հաշվի ենք առել առաջադեմ պետությունների փորձը՝ բնակչության սպասարկման այս ոլորտում, որը ևս ստրատեգիկ նշանակություն ունի: Պետությունը պետք է միշտ վերահսկողություն ունենա այս ամեն ինչի նկատմամբ»,- նշել է քաղաքապետը:

Հարցուպատասխանի միջոցով մասնակիցները ներկայացրել են նաև իրենց դիտարկումները՝ գործող և նոր երթուղային ցանցի ու ներկայացված առաջարկների վերաբերյալ:Առաջիկայում մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերությունները կներկայացնեն իրենց տեսլականը՝ համայնքի հետ համագործակցության նոր ծրագրերի իրականացման հարցում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---