Հայկ Մարությանն ուղևորափոխադրող ընկերություններին առաջարկներ է արել

Հայկ Մարությանն ուղևորափոխադրող ընկերություններին առաջարկներ է արել

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են առաջիկա անելիքների, տրանսպորտային համակարգում սպասվող փոփոխությունների ու նոր երթուղային ցանցի հետ կապված հարցեր:

Նշելով, որ նոր երթուղային ցանցի գործարկման համար առնվազն 2 տարի կպահանջվի՝ քաղաքապետը հայտնել է, որ 2020-ից շուրջ 400 միկրոավտոբուս պետք է դուրս գա երթուղային ցանցից, քանի որ դրանց շահագործման ժամկետներն (15 տարի) ավարտվում են: Սա այն դեպքում, երբ այսօր քաղաքային երթուղին սպասարկում է շուրջ 900 միկրոավտոբուս: Այսինքն՝ գրեթե կեսը:

«Բնականաբար մեզ ձեռք է տալիս, որ այն երթուղիները, որոնք ունեն նման միկրոավտոբուսներ, սեփական միջոցներով փոխարինեն և սկսեն աշխատել մինչ նոր ցանցի ներդրումը: Առնվազն երկու տարի դուք կարողանալու եք այս եղած շարժակազմով աշխատել, որը ձեռք կբերեք, կփոխարինեք»,- նշել է քաղաքապետը:

Ներկայումս գործող ընկերությունները կարող են թարմացնել շարժակազմը և շարունակել սպասարկել եղած երթուղիները, ինչպես նաև՝ ձեռք բերել նոր ցանցի պահանջներին համապատասխանող շարժակազմ և մասնակցել երթուղային նոր ցանցի սպասարկմանը:

Հարցուպատասխանի միջոցով մասնակիցները ներկայացրել են նաև իրենց դիտարկումները՝ գործող և նոր երթուղային ցանցի ու ներկայացված առաջարկների վերաբերյալ:Առաջիկայում մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերությունները կներկայացնեն իրենց տեսլականը՝ համայնքի հետ համագործակցության նոր ծրագրերի իրականացման հարցում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---