«Սանիթեքի» աշխատակիցներն իրենց աշխատավարձն են պահանջում Երևանի քաղաքապետարանից

«Սանիթեքի» աշխատակիցներն իրենց աշխատավարձն են պահանջում Երևանի քաղաքապետարանից

PanARMENIAN.Net - «Սանիթեք» ընկերության աշխատակիցները ընկերության գրասենյակի մոտից երթով շարժվում են Երևանի քաղաքապետարան՝ իրենց աշխատավարձի ստացման պահանջով:

Ընկերությունից աշխատակիցներին տեղեկացրել են, որ աշխատավարձերը չեն վճարվում, քանի որ Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք»-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները չի կատարել։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում քաղաքապետի հետ։ Ակցիայի մասնակիցները սպառնում են փակել ճանապարհները՝ նշելով, որ իրենք ողորմություն չեն ուզում, այլ իրենց աշխատավարձը:

«Սանիթեքի» աշխատակիցներն իրենց աշխատավարձը չեն ստացել օգոստոսից: Քաղաքացիները հերթական բողոքի ցույցից հետո «Սանիթեքը» հայտարարություն էր տարածել, նշելով, որ քաղաքապետարանն օգոստոս ամսվա համար պետք է փոխանցեր 430 միլիոն, բայց փոխանցել է միայն 141 միլիոն 831 հազար 728 ՀՀ դրամ։

«Ընկերության օգոստոս ամսվա աշխատավարձային ֆոնդը շուրջ 132 միլիոն ՀՀ դրամ է, որի վճարման հնարավորությունն ընկերությունը չունի, քանի որ չի ստացել քաղաքապետարանի կողմից օգոստոս ամսվա երկրորդ վճարումը: Ողջ օգոստոս ամսվա համար, փաստացի, փոխանցվել է ամբողջ գումարի 32.5%-ը»,– ասվել է ընկերության տարածած հայտարարության մեջ։

Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը նշել էր, որ «Սանիթեքը» բավական գումար ունի` աշխատակիցներին վճարելու համար, բայց ինչ–ինչ պատճառով չի վճարում։ Կարապետյանը հայտնել էր, որ քաղաքապետարանն իրավական ուղիներ է փնտրում, որպեսզի «Սանիթեքին» վճարած գումարները հասնեն աշխատակիցներին` միևնույն ժամանակ հիշեցնելով՝ աշխատավարձերը վճարելու պարտավորությունը կրում է բացառապես «Սանիթեք» ընկերությունը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---