23 հոկտեմբերի 2008 - 19:09 AMT
Արմեն Աշոտյան. Անհրաժեշտության դեպքում Հայաստանն իր գրպանում ջոկեր ունի` ԼՂՀ ճանաչումը
«Ես չեմ կիսում ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծման հնարավորության վերաբերյալ լավատեսությունը»,- ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` վերջերս Երեւան կատարած այցի արդյունքների շուրջ այսօր կայացած Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում հայտնել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Միաժամանակ հայ խորհրդարանականը նշել է, որ Հայաստանը ուրախ կլիներ, եթե Ռուսաստանը ճանաչեր ԼՂՀ անկախությունը:

«Ռուսաստանն ինքը երկար ժամանակ չէր ճանաչում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: Բայց ճանաչումից հետո ՌԴ պաշտոնական անձինք այդ քայլը անվանում էին ստիպված եւ այդ երկրների անվտանգության ապահովման միակ երաշխիք: Կարծում եմ, որ նման ստիպված միջոցառումը ջոկեր է Հայաստանի գրպանում` դե-յուրե ճանաչել ԼՂՀ անկախությունը աշխարհաքաղաքական անհրաժեշտության դեպքում»,- գտնում է Արմեն Աշոտյանը:

Նա նաեւ նկատել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետականության զարգացման աստիճանը, չնայած այլ երկրների կողմից ճանաչված չլինելուն, չի զիջում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի պետականությունների զարգացման աստիճանին: Հայաստանը շատ է ցանկանում, որպեսզի ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերը, եւ ԵԱՀԿ ՄԽ ջանքերը համատեղվեն եւ հայկական ու ղարաբաղյան կողմերի շահերը առավելագույնս հաշվի առնվեն այդ հակամարտության լուծման դեպքում»,- ընդգծել է հայ խորհրդարանականը: