Առաջին անգամ բնություն են վերադարձվել կարմիրգրքյան թռչուններ

Առաջին անգամ բնություն են վերադարձվել կարմիրգրքյան թռչուններ

PanARMENIAN.Net - Բնություն են վերադարձվել փրկված, վերականգնողական ընթացքը հաջող անցած վարդագույն հավալուսնը, մորուքավոր անգղը, բվեճը և քարարծիվը: Այս թռչուններն ազատ պայմաններում արդեն հազվադեպ հանդիպողներից են, իսկ իրադարձությունը Հայաստանի համար աննախադեպ էր:

Վերացող այս թռչնատեսակներից բացի՝ կազմակերպվել է նաև 1 սովորական ճուռակի ու 3 արագիլների բնություն վերադարձնելու գործընթացը։

Լիովին կազդուրված և օղակավորված թռչուններին, ըստ կենդանաբանների եզրակացության, որոշվել է բնություն բաց թողնել Արարատյան դաշտում, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքում և Ախուրյանի շրջանում։

Միջոցառումը հաջողվել է իրագործել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական, «Զօօ Ֆաունա Արտ» էկզոտիկ կենդանիների վերականգնողական կենտրոնների, ինչպես նաև էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանության (PEES) կենտրոնի համատեղ ու երկարատև համագործակցության արդյունքում։

Ամիսներ առաջ բնության մեջ տարատեսակ վնասվածքներ ստացած թռչուններին Տեսչական մարմնի աշխատակիցները տեղափոխել էին վերոհիշյալ վերականգնողական կենտրոն, որտեղ թռչունների խնամքը ստանձնել էին կենդանաբաններն ու անասնաբույժները։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---