Հրայր Թովմասյան. Նպատակահարմար չեմ համարում մասնակցել ԱԺ-ում նախագծի քննարկմանը

Հրայր Թովմասյան. Նպատակահարմար չեմ համարում մասնակցել ԱԺ-ում նախագծի քննարկմանը

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նպատակահարմար չի համարում մասնակցել ԱԺ-ում իր լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշման նախագծի քննարկմանը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնած իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու գործընթացը, ըստ էության, ունի քաղաքական և սուբյեկտիվ նպատակաուղղվածություն: Նման հետևության են հանգեցնում այդ գործընթացին նախորդած և հաջորդած իրադարձությունները, մասնավորապես․

- վարչապետ Ն. Փաշինյանի 2019 թ․ մայիսի 19-ի կոչը դատարանների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի մուտքերը և ելքերն արգելափակելու մասին, որը մայիսի 20-ին իրականացվեց իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորների ակտիվ մասնակցությամբ,

- Սահմանադրական դատարանի գործող նախագահի պաշտոնավարման պարագայում, Ազգային ժողովի 2019 թ․ հունիսի 20-ի նստում Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վ. Գրիգորյանի «ինքնահռչակումը»՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահ և Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության կողմից այդ քայլի անթաքույց սատարումը,

- Սահմանադրական դատարանի նախագահի, Սահմանադրական դատարանի դատավորների հետագա պաշտոնավարման վերաբերյալ իշխող քաղաքական ուժի պարբերաբար հնչեցրած սուբյեկտիվ մեկնաբանությունները, անձնավորված մոտեցումները, նախաձեռնությունները,

- վարչապետ Ն. Փաշինյանի կողմից ուլիսի 17-ին «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում Սահմանադրական դատարանի և անձամբ իմ հասցեին արված անպարկեշտ արտահայտությունները և դատական իշխանության հեղինակությունը վիրավորող հայտարարությունները,

- Ազգային ժողովի նախագահ Ա. Միրզոյանի և վարչապետ Ն. Փաշինյանի՝ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումների վերաբերյալ 2019 թ․ սեպտեմբերի 16-ի հայտարարությունները և տրված գնահատականները,

- իմ անվան անհիմն վկայակոչումները՝ տարբեր անձանց նկատմամբ հարուցվող քրեական գործերով,

- Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վ. Վարդանյանի կողմից ինձ 2019 թ․ սեպտեմբերի 23-ին ուղղված պաշտոնական հրավերը՝ մասնակցելու հանձնաժողովի հոկտեմբերի 24-ի նիստին, այն դեպքում, երբ այդ նիստն անցկացվել է սեպտեմբերի 24-ին, ինչը վկայում է խնդրի առարկա հարցի վերաբերյալ անկողմնակալ քննարկում անցկացնելու մտադրության բացակայության մասին։

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները նպատակահարմար չեմ համարում իմ մասնակցությունը Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի նիստում որոշման նախագծի քննարկմանը»։

Թովմասյանը հավելել է նաև, որ հայցում է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներողամտությունը՝ Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ժամանակ իրեն հարցեր ուղղելու հնարավորություն չտալու առնչությամբ։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---