Զինդատախազությունը պետությանը պատճառած մոտ 10 մլրդ դրամի վնաս է գտել

Զինդատախազությունը պետությանը պատճառած մոտ 10 մլրդ դրամի վնաս է գտել

PanARMENIAN.Net - ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ամփոփվել են պետական շահերի պաշտպանության բնագավառում 2019թ․ 9 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները։ Հայտնաբերել է պետությանը մոտ10 մլրդ դրամի վնաս, իսկ վերականգնված գումարը 2018-ի համեմատ ավելացել է մոտ 6 անգամ:

2019թ․ առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացվել է թվով 262 ուսումնասիրություն, որոնցով խախտում է հայտնաբերվել 144 դեպքերում։

Խախտումները հիմնականում հայտնաբերվել են թիկունքային, սպառազինության, կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման, ռազմաբժշկական և այլ ծառայությունների ոլորտներում:

Դրանց վերացման կամ իրավական գնահատական տալու ուղղությամբ ձեռնարկվել են դատախազական ներգործության կոնկրետ միջոցներ: Մասնավորապես 28 դեպքի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր, որոնք հիմնականում առնչվում են ՀՀ ՊՆ կարիքների համար տարբեր նյութական միջոցների, ծառայությունների գնման, ընդունման, պահպանման և օգտագործման, զինծառայողների սոցիալական պաշտպանության, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման գործընթացներում թույլ տրված չարաշահումներին։ Նշված քրեական գործերը հարուցվել են առերևույթ պաշտոնեական կեղծիք, պաշտոնեական դիրքի չարաշահում, պաշտոնեական լիազորությունների սահամնների անցում, ինչպես նաև պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և այլ հանցագործությունների հատկանիշներ պարունակող դեպքերի առթիվ:

Շոշափելի արդյունքներ են գրանցվել հատկապես պետական շահերի պաշտպանության գործառույթից բխող դատախազական գործիքակազմի կիրառմամբ զինված ուժերում պետությանը պատճառված վնասի բացահայտման և վերականգնման ոլորտում: Մասնավորապես հաշվետու ժամանակահատվածում արձանագրված պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 9․9 մլրդ ՀՀ դրամ։ Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված վնասի չափը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները գերազանցում է մոտ 27.5 անգամ:

Վերականգնվել է պետությանը պատճառված մոտ 398 մլն ՀՀ դրամ վնաս, որը շուրջ 6 անգամ գերազանցում է 2018թ. առաջին ինը ամիսների ցուցանիշները։

Ընդ որում՝2019-ի ընթացքում վնասի հիմնական մասի վերականգնումն ապահովվել է հենց դատախազական գործիքակազմի կիրառմամբ, մասնավորապես՝ պետական շահերին հասցրած վնասը կամովին հատուցելու մասին տրված 100 նախազգուշացմների արդյունքում։

2019թ․ առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից ներկայացվել է 5 հայցադիմում՝ ընդհանուր 10.1 մլն ՀՀ դրամ հայցագնի չափով, և տրվել է պետությանը պատճառված 9․7մլն ՀՀ դրամ վնասի բռնագանձման պահանջով ողջամիտ ժամկետում հայց ներկայացնելու առաջարկություն։

Պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացվում են նաև այլ ուսումնասիրություններ, ձեռնարկվում անհրաժեշտ դատախազական ներգործության միջոցներ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---