Արցախի ՄԻՊ-ը միջազգային համաժողովում բարձրացրել է չճանաչված պետությունների մեկուսացման խնդիրը

Արցախի ՄԻՊ-ը միջազգային համաժողովում բարձրացրել է չճանաչված պետությունների մեկուսացման խնդիրը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 4-ին Ավստրիայի Իննսբրուք քաղաքում մասնակցել է Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի միջազգային համաժողովին՝ նվիրված ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում օմբուդսմենների դերին:

Որպես կազմակերպության լիիրավ անդամ՝Բեգլարյանը մասնակցել է թեմատիկ քննարկումներին՝ հանդես գալով դիտարկումներով ու հարցադրումներով: Պաշտպանը, մասնավորապես, բարձրացրել է չճանաչված պետությունների միջազգային մեկուսացման խնդիրը՝ շեշտադրելով, որ այն բացասականորեն է անդրադառնում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման վրա: Նա ընդգծել է, որ ի հեճուկս միջազգային հանրահայտ փաստաթղթերում ամրագրված դրույթների՝ միջազգային հանրությունը դեմ է կանգնում մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքին, հայտնում է Արցախի ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունը:

Տվյալ հարցի շուրջ Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ջոզեֆ Սիգելը նշել է, որ իր գլխավորած կազմակերպությունը համարում է, որ մարդու իրավունքները սահմաններ չունեն: Նա համոզմունք է հայտնել, որ ներառականությունը նպաստում է մարդու իրավունքների պաշտպանությանը և ժողովրդավարության ամրապնդմանը:

Բեգլարյանը առաջադրել է նաև գլոբալ հիմնախնդիրներին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ կառավարություն-քաղաքացիական հասարակություն կապի, լրատվամիջոցների փոխակերպման վերջին միտումների վերաբերյալ:

Համաժողովի շրջանակներում Պաշտպանը մտքեր է փոխանակել տարբեր երկրների և տարածաշրջանների Մարդու իրավունքների պաշտպանների հետ՝ նրանց հետ քննարկելով ընդհանուր հետաքրքրության մի շարք հարցեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---