Սարգսյան. Լավրովը որպես ԱԳ նախարար մեծ ներդրում է ունեցել ՌԴ հետ բարեկամության ամրապնդման գործում

Սարգսյան. Լավրովը որպես ԱԳ նախարար մեծ ներդրում է ունեցել ՌԴ հետ բարեկամության ամրապնդման գործում

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հյուրընկալելով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարարին և նրան ուղեկցող պատվիրակությանը, ընդգծել է, որ Սերգեյ ԼավրովնԱԳ նախարարի պաշտոնում մեծ ներդրում է ունեցել հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում:

Ողջունելով հյուրին թե՛ որպես դաշնակից երկրի բարձրաստիճան պաշտոնյայի և թե՛ որպես վաղեմի բարեկամի՝ նախագահ Սարգսյանը նշել է , որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում:

Նախագահ Սարգսյանը հիշել է Լավրովի հետ իրենց առաջին հանդիպումը մոտ 25 տարի առաջ՝ Նյու Յորքում, երբ վերջինս զբաղեցրել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնը՝ շնորհակալություն հայտնելով նրան ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության դիվանագետներին ցուցաբերած աջակցության համար:

Հանրապետության նախագահը ՌԴ արտգործնախարարի միջոցով իր ջերմ ողջույնը և կրկին Հայաստանում տեսնելու պատրաստակամությունն է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

ՌԴ արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր հերթին նախագահ Սարգսյանին է փոխանցել նախագահ Վլադիմիր Պուտինի լավագույն բարեմաղթանքները: «Դա վկայում է դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը բոլոր ոլորտներում խորացնելու մեր հաստատուն նպատակաուղղվածության մասին»,-ասել է Լավրովը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Խոսելով համագործակցության հեռանկարների մասին՝ նախագահ Սարգսյանը ներկայացրել է նախագահական նախաձեռնությունների շրջանակում հաջորդ տարվա ընթացքում Հայաստանում նախատեսվող մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովը», STARMUS 6-րդ միջազգային փառատոնը և կարևորել գործակցությունն այդ համատեքստում:

Հանրապետության նախագահը, մասնավորապես, անդրադարձել է ATOM նախագահական նախաձեռնությանը, որն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանը: Ծրագիրը, ի թիվս այլ բաղադրիչների, նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոններից մեկը: «Ակնկալում ենք այս ծրագրի շրջանակում ակտիվ համագործակցություն նաև ռուսական ընկերությունների ու կրթական հաստատությունների հետ»,-ասել է Հայաստանի նախագահը:

ՌԴ ԱԳ նախարարը ողջունելի է համարել բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են երկկողմ շփումների ընդլայնմանն ու հարաբերությունների ամրապնդմանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---