ՀՅԴ երիտասարդների կոչը ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին՝ զբաղվել Հարությունյանի պաշտոնանկությամբ

ՀՅԴ երիտասարդների կոչը ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին՝ զբաղվել Հարությունյանի պաշտոնանկությամբ

PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը դիմել է ՀՀ ԱԺ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններին՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու գործընթաց սկսելու առաջարկով: Նշվում է, որ սահմանադրությամբ Ազգային ժողովին ու նրա առանձին մարմիններին վերապահված է գործադիրի վրա ներգործելու հնարավորություն

«Ինչպես գիտեք արդեն տևական ժամանակ հանրության լայն շրջանակի մոտ տարակուսանք և ընդվզում է առաջացրել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում մեկ նախարարության պատասխանատվության ներքո մեկտեղված կառավարության քաղաքականությունը: Առանց համապարփակ հայեցակարգի, օրակարգ են բերվել և իրականացվում են մի շարք գործողություններ, որոնք ուղղված են ազգային արժեհամակարգի և հաստատությունների դեմ: Ընդվզման առաջամարտիկը հայ երիտասարդությունն է, ով դեմ է ազգայինը առաջադիմականին արհեստականորեն հակադրող նախարարի և նրան աջակցող քաղաքական թիմի մոտեցումներին ու ազգային ինքնությանը հարվածող գործողություններին: Պետական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձը նաև անվայել վարքագիծ է դրսևորում...

Երիտասարդական շարժման կազմակերպիչների և հանրության լայն շրջանակների կողմից առաջադրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին պաշտոնից ազատելու հարցը, որպես ոլորտային քաղաքականության մշակման և իրականացման` սահմանադրությամբ և օրենքով լիազորված պատասխանատուի:

Պետության խորհրդարանական կառավարման համակարգին անցած Հայաստանի Հանրապետությունում՝ սահմանադրությամբ Ազգային ժողովին ու նրա առանձին մարմիններին վերապահվել է գործադիրի վրա ներգործելու հնարավորություն: Մասնավորապես, սահմանադրության 113-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի խմբակցություններն ունեն կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու իրավունք: Հարցապնդումների պատասխանները ներկայացվում են Ազգային ժողովի նիստում: Խմբակցության առաջարկությամբ հարցապնդման պատասխանը քննարկվում է: Հարցապնդման արդյունքով Ազգային ժողովը կարող է առաջարկել վարչապետին քննարկել կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը:

Սահմանադրության 152-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության կարգի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, նախարարն ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է կառավարության՝ նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

«Ակնհայտ է, որ հանրության լայն շրջանակների դժգոհությունն առաջացրած ՀՀ ԿԳՄՍ նախարարության վարվող քաղաքականությունն ու նախաձեռնված գործողությունները չեն համապատասխանում վերը նշված, ինչպես նաև մի շարք օրենսդրական պահանջներին (այդ թվում՝ կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, ինչպես նաև Հայաստնյայց առաքելական սուրբ եկեղեցու վերաբերյալ օրենսդրությանը):

Ելնելով վերը նշվածից, դիմելով Ձեզ՝ ակնկալում ենք, որ կիրականացնեք սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված գործողություններ՝ նախաձեռնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության գործընթացը», - ասված է նամակում:

ԵՊՀ Հայ բանասիրության և Հայոց պատմության ֆակուլտների ուսանողներն արդեն մի քանի օր դասադուլ են անում, պահանջում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայում հայ համայնքի հետ հանդիպմանն անդրադառնալով կրթական համակարգին, ասել է որ Հայաստանին այսօր ինժներներ են պետք: «Մենք ասում ենք՝ եկեք, թամադաների պատրաստող կրթական համակարգը փոխարինենք ինժեներներ պատրաստող կրթական համակարգով»,-ասeել էր Փաշինյանը:

 Ուշագրավ
Նա մեկնել է կարճատև աշխատանքային այցով
ԱԳՆ-ից նշել են, որ միջոցներ են ձեռնարկելու տեղում հրադադարի ռեժիմի պահպանման և ստուգման մեխանիզմների ներդրման համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնարկել է, որ ստացել է նման երաշխիք ռուսական կողմից
Նախարարը նշել է, որ հանդիպում է բողոքող այն խմբերի հետ, որոնք օրակարգ ունեն, իսկ իր օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումներն են և ոլորտ նորություն բերելը