Քաղաքապետի խոսնակ. Երևանին աղբատար մեքենաներ նվիրել են, բայց ոչ Ալեքսանյանը

Քաղաքապետի խոսնակ. Երևանին աղբատար մեքենաներ նվիրել են, բայց ոչ Ալեքսանյանը

PanARMENIAN.Net - Քաղաքապետարանը որևէ մեկից գաղտնի նվերներ չի ընդունել, գործարար Սամվել Ալեքսանյանից՝ առավել ևս։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ հերքելով Սամվել Ալեքսանյանից երկու տասնյակ «Կամազ»-ներ նվեր ստանալու մասին տեղեկատվությունը:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ գործարար Սամվել Ալեքսանյանը «Կամազներ» է նվիրել Երևանի քաղաքապետարանին, դրանց քանակը, սակայն, պարզ չէ: «Այն ուժը, որը յուրաքանչյուր նոր բեռնատարը նկարում և տարածում է, այսօր չի հայտնում՝ այդ մեքենաներն ումից են ստացվել և ինչի դիմաց։ Եթե ամիսներ շարունակ այս ինֆորմացիան պահել են, ես այստեղ խնդիր եմ տեսնում», - ասել է բանախոսը։

Նրա խոսքով, եթե անգամ որևէ գործարար ցանկանում է նվիրատվություն անել մայրաքաղաքին, դրա դիմաց նրան որևէ արտոնություն չի տրվում, հայտնում է Aysor.am-ը։

«Ոչ բոլոր դեպքերում է, որ ավագանու որոշման իմպերատիվ պահանջ կա։ Սամվել Ալեքսանյանը քաղաքին որևէ նվեր չի արել։ Նրա հետ կապակցված ընկերությունները ևս չեն նվիրել, բայց եթե որոշի նվիրել, քաղաքապետարանը չի հրաժարվի», - ասել է նա։

Անդրադառնալով այն հարցին, թե այդ դեպքում ով է նվիրել երկու տասնյակ «Կամազ», Հակոբ Կարապետյանը չի պարզաբանել՝ միայն նշելով, որ անունները հայտնի կդառնան մոտ օրերս, երբ քաղաքապետը շնորհակալագրեր կտրամադրի նշված կազմակերպություններին կամ անհատներին։ Նա միաժամանակ հստակեցրել է, որ խոսքը ոչ միայն «Կամազ»-ների մասին է։

«Գործընթացը չի ամփոփվել։ Բառացիորեն երեկ պայմանագիր է կնքվել մի քանի տեխնիկա ձեռք բերելու վերաբերյալ, որոնք պետք է հավաքեն թղթային թափոնները։ Դա էլ է նվիրատվություն։ Տարին ամփոփելիս տվյալները պետք է ի մի բերվեն», - նշել է Հակոբ Կարապետյանը։

Ավելի վաղ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Երևանի քաղաքապետը շնորհակալագրեր ու պատվոգրեր կհանձնի համայնքի սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանը ակտիվ մասնակցության և բարձր սոցիալական պատասխանատվություն ցուցաբերելու համար։Խոսքը այն անհատների ու կազմակերպությունների մասին է, որոնք օգնել են քաղաքին՝ անօթեւանների համար բնակմակերեսի, քաղաքային տնտեսությանը օժանդակող տեխնիկայի ձեռքբերման եւ այլ հարցերում։

Բիզնեսի սոցիալական պատասխանատվության ինստիտուտը միջազգային ընդունված պրակտիկ ա է, որը պետք է լայնորեն կիրառել»։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---