ՀՔԾ պետը՝ Կոստանյանի մասին. 48 ժամ կսպասենք, հետո կգործենք ըստ օրենքի

ՀՔԾ պետը՝ Կոստանյանի մասին. 48 ժամ կսպասենք, հետո կգործենք ըստ օրենքի

PanARMENIAN.Net - Նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հատուկ քննչական ծառայության կողմից տրված 48 ժամը լրանալուց հետո, չներկայանալու դեպքում, ՀՔԾ-ն կգործի ըստ օրենքի: Այս մասին,«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ նշելով, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու համար միայն «բարի ցանկությունները» շատ քիչ են, անհրաժեշտ են բավարար ապացույցներ:

«Անձը մեղադրյալ ներգրավվում է այն ժամանակ, երբ վարույթն իրականացնող մարմինը բավարար է համարում ապացույցների համակցությունը անձին որպես մեղադրյալ ներգրավելու համար»,-ասել է Խաչատրյանը:

Դիտարկմանը, թե Կոստանյանը հայտարարել է, որ այս գործում արհեստականություն կա, Սասուն Խաչատրյանն ասել է. «Ի՞նչ արհեստականություն, ես չեմ կարող մեկնաբանել պարոն Կոստանյանի ասածները։ Դուք ինձ հարցնում եք՝ 48 ժամվա մեջ իրատեսակա՞ն է Մոսկվայից հասնել Երևան, ես հարցը ձեզ եմ տալիս՝ իրատեսակա՞ն է»։

Պատասխանելով մի շարք գործերով արտերկրում կամ հետախուզման մեջ գտնվող մեղադրյալների մասին հարցին՝ Խաչատրյանը նշել է, որ որևէ մեկը չի կարող երաշխավորել, թե նրանք անպայման կհայտնաբերվեն:

«Ես կարող եմ ընդամենը ասել, որ մենք ամեն ինչ կանենք: Հետախուզումն իրականացնող մարմինը ոստիկանությունն է»,-ասել է Խաչատրյանը:

Սեպտեմբերի 26-ին ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, որտեղ նշվում էին նաև Գևորգ Կոստանյանի և նախկին փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի անունները: Նոյեմբերի 25-ին ՀՔԾ-ն հայտնեց, որ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվելէ որպես եմղադրյալ և 48 ժամվա ընթացքում պետք է ներկայանա վարույթ իրականացնող մարմին:

2008-ին Կոստանյանը նախագահ Սերժ Սարգսյանի օգնականն էր, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը։

 Ուշագրավ
---