Վանեցյանի կուսակցությունն ընդդիմադիր կլինի, աջակենտրոն ուղղվածությամբ

Վանեցյանի կուսակցությունն ընդդիմադիր կլինի, աջակենտրոն ուղղվածությամբ

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի քաղաքական նոր կուսակցությունն աջակենտրոն ուղղվածություն կունենա և ընդդիմադիր կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը:

«Նոր քաղաքական ուժը կենտրոնամետ, աջակենտրոն ուղղվածություն կունենա, իսկ գաղափարախոսության և ծրագրի հիմքում ներդաշնակորեն կմիահյուսվեն ավանդականն ու առաջադեմը: Տվյալ պահին լայն խորհրդակցություններ են ընթանում գաղափարակիցների և հնարավոր գործընկերների հետ: Միայն բոլոր հնարավոր քննարկումներից հետո մենք կոնկրետ ծրագրային առաջարկներով հանդես կգանք և կառաջարկենք հետագա գործողությունների «ճանապարհային քարտեզը»: Նոր քաղաքական ուժն ընդդիմադիր կլինի»,- հայտարարել է Վանեցյանը՝ «Ինտերֆաքսին» հարցազրույցում:

Ըստ ԱԱԾ նախկին ղեկավարի՝ վերադարձ անցյալին լինել չի կարող, միաժամանակ, նա կտրուկ դեմ է հանրության տարանջատմանը «ով մեզ հետ չէ՝ մեր դեմ է» սկզբունքով: Նա հավելել է, որ հեղափոխությունից հետո մարդիկ արդարություն և կենսամակարդակի բարձրացում էին ակնկալում, որակյալ ծառայություններ կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտներում:

«Խոստացան և չարեցին»,- նշել է նա:

Վանեցյանի խոսքով՝ ՌԴ-ն մնում է և կլինի ՀՀ ռազմավարական դաշնակիցը և երկու երկրի շահերից է բխում հուսալի և կանխատեսելի գործընկերներ մնալը: Ըստ նրա՝ Երևանն ու Մոսկվան պետք է պահպանեն եղբայրական և ռազմավարական հարաբերությունների բազմադարյա պատմությունը, անշեղորեն զարգացնեն այդ հարաբերությունները, ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակում:

«Այսօր ՀՀ-ում իշխանության մեջ են հայտնվել որոշ մարդիկ, որոնք, ընդդիմություն լինելով, հանդես էին գալիս ագրեսիվ հակառուսական դիրքերից՝ ինքը Նիկոլ Փաշինյանն էր խորհրդարանում հանդես եկել ԵԱՏՄ-ից ՀՀ դուրս գալու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ: Նրանք հայտարարում էին, որ ԵԱՏՄ-ն սպառնալիք է ՀՀ ինքնիշխանությանը: Մինչդեռ, այսօր այդ նույն մարդիկ ցանկացած պատեհ պահ օգտագործում են՝ կարևորելու ԵԱՏՄ-ին ՀՀ անդամությունը»,- ասել է Վանեցյանը՝ հավելելով, որ «իրական քաղաքականությունն ու պոպուլիզմը համատեղելի չեն»:

Ավելի վաղ Վանեցյանը հայտարարել էր, որ սկսում է ակտիվ քաղաքականությամբ զբաղվել։ Նա նշել էր, որ շատ մոտ ժամանակներս կուսակցություն է գրանցելու:

Սեպտեմբերի 16-ին Վանեցյանը հրաժարական էր տվել ԱԱԾ տնօրենի պաշտոնից:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---