ԼՂ հարցի պատմությունից մինչև կարգավորման նախընտրելի տարբերակներ. Փաշինյանն ու Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտությունը

ԼՂ հարցի պատմությունից մինչև կարգավորման նախընտրելի տարբերակներ. Փաշինյանն ու Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը հայտարարում է, որ ԼՂ-ն բանակցության կողմ չէ, բայց 1994-ին 2 անգամ պայմանագիր է ստորագրել Ղարաբաղի հետ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առաջին բաց հանդիպմանը:

Հանդիպումը սկսվել է երկու երկրի ղեկավարների ներկայացրած պատմական փաստերից. Ադրբեջանի նախագահի պնդմամբ՝ «Ղարաբաղն Ադրբեջանի մաս է՝ այդ երկրի խորհրդայնացումից հետո», Փաշինյանի հակադարձմամբ՝ Ղարաբաղն անկախացել է այնպես, ինչպես Ադրբեջանը՝ ԽՍՀՄ-ից:

Խոսելով այն մասին, որ Ադրբեջանի նախագահը կոնֆլիկտի պատմությունը ներկայացնելիս հեռուն է գնացել, Փաշինյանն ասել է, որ ինքն էլ ավելի հեռու կարող է գնալ: Նա հիշեցրել է, որ հայ թագավոր Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեական ռազմական առաջնորդ Պոմպեյի հետ, չկար որևէ պետություն Հարավային Կովկասում և աշխարհում, որն Ադրբեջան կանվանվեր:

Անդրադառնալով կոնֆլիկտի լուծման ադրբեջանական տարբերակին՝ Ալիևն ասել է, որ հակամարտությունը պետք է լուծվի փուլային տարբերակով, և առաջին փուլը պետք է լինի «օկուպացված տարածքների ազատագրումը, ադրբեջանցիների վերադարձը և վերաբնակեցումը»:

Ըստ Ալիևի՝ ԼՂ կարգավիճակը կքննարկվի հետագայում և առանց տեղում գործընթացի և «տարածքների ազատագրումը» սկսելու չպետք է գործընթաց սկսվի: Նա նշել է, որ ԼՂ կարգավիճակը չպետք է խանգարի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Ադրբեջանի տեսակետը ներկայացնելիս, Ալիևն ասել է նաև, որ իրենք ԼՂ-ն բանակցության կողմ չեն համարում, սակայն կարող են, եթե Հայաստանն իր զինված ուժերը հետ քաշի այնտեղից:

Տարածքների մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետն ասել է, որ Ադրբեջանի տեսակետից դրանք տարածքներ են, Ղարաբաղի տեսանկյունից՝ անվտանգություն: Փաշինյանի խոսքով՝ ստատուս քվոն ձևավորվել է, որովհետև, երբ ԼՂ-ն փորձում էր ինքնորոշման իր իրավունքից օգտվել, ռազմական գործողություններ սկսվեցին տեղի հայերի դեմ: Նրանք հարկադրված են եղել ինքնապաշտպանություն կազմակերպել:

Հայաստանի ղեկավարը նշել է նաև, որ ինքը մակրոհեղափոխություն է արել հակամարտության կարգավորման գործընթացում. ասում է` ՀՀ միակ ղեկավարն է, ով ասել է, թե հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Փաշինյանն ասել է, որ Դուշանբեի հանդիպումից հետո կողմերի միջև հաղորդակցության գիծ է ստեղծվել և դրա համահեղինակներից է նաև Ալիևը։

Փաշինյանը նշել է, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում կարող է մի շատ կոնկրետ բան անել՝ հայտարարել, որ հակամարությունը չունի ռազմական լուծում:

Ըստ վարչապետի՝ իր և Ալիևի երկուստեք խնդիրը հարատև և կայուն խաղաղություն ձևավորելն է, և դա ոչ միայն ազգային օրակարգերի խնդիր է, այլև գլոբալ և տարածաշրջանային օրակարգի:

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---