Փաշինյան. Քաղաքացու մոտ պետք է համոզմունք ձևավորվի, որ իշխանությունը չի գողանում

Փաշինյան. Քաղաքացու մոտ պետք է համոզմունք ձևավորվի, որ իշխանությունը չի գողանում

PanARMENIAN.Net - Քաղաքացու մոտ պետք է ձևավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում, և եթե գողանալու դեպքեր կան, այդ մարդիկ կհայտնաբերվեն և կպատժվեն: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է հարկային բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:

«Մենք շատ համարձակ որոշումների ենք գնալու առաջիկայում՝ սկսած գույքահարկից վերջացրած հարկային մյուս փոփոխություններով: Այդ որոշումների նպատակն այն է, որ պետական եկամուտները պետք է ավելանան՝ այնպես, որ տնտեսությանը զարգանալու հնարավորություն տան, որպեսզի հետագայում ավելի շատ ավելանան: Եվ մարդիկ պետք է փոխեն հարկ վճարելու նկատմամբ վերաբերմունքը... Առաջին հերթին անկյունաքարը հակակոռուպցիոն պայքարն է, այսինքն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ ամբողջ պետական համակարգը՝ վերևից ներքև չի գողանում»,- նշել է Փաշինյանը:

նա նաև խոսել է պետական կառավարման համակարգի պահպանման ծախսերի արդյունավետության շարունակական բարձրացման մասին: Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է ամեն տարի համոզել քաղաքացիներին, որ իրենց վճարած հարկերը ծախսվում են նպատակային և ճիշտ՝ «ներառյալ, թե ինչպես են վճարվում պետական կառավարման համակարգի աշխատողները՝ սկսած պարգևատրումներից, վերջացրած սոցիալական այլ երաշխիքներով»:

«Մենք պետք է ապահովենք նաև պետական կառավարման համակարգի աշխատողների բարձր վարձատրությունը՝ միևնույն ժամանակ երաշխավորելով նրանց բարձր որակավորումը»,- ասել է վարչապետը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն իր հերթին ներկայացրել է հայեցակարգով նախանշվող այն նպատակները, որոնց պետք է ծառայեն հարկային համակարգի բարեփոխումները:

Փաշինյանը նշել է, որ ներկայացված հայեցակարգը պետք է լինի հարկային բարեփոխումների ռազմավարության հենքում

Մտքերի փոխանակության շրջանակում քննարկվել են հարկերն անխուսափելիորեն վճարելու մշակույթի ամրապնդմանն ու տարածմանը, ըստ ոլորտների հարկային արտոնությունների տրամադրմանը, եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրմանը, հարկերի հավաքմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---