Մուրադյան. Սառնասիրտ ու առանց խուճապի ենթարկվել պատկան մարմինների ցուցումներին

Մուրադյան. Սառնասիրտ ու առանց խուճապի ենթարկվել պատկան մարմինների ցուցումներին

PanARMENIAN.Net - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում հորդորել է սառնասիրտ ու առանց խուճապի ենթարկվել պատկան մարմինների բոլոր ցուցումներին:

«Ստեղծված իրավիճակում պարտավոր ենք բոլորս համախմբված, միասնական հաղթահարել աշխարհին, այդ թվում նաև մեզ բաժին հասած այս փորձությունը:

Վստահ եմ, որ թե´ազգային, թե´ քաղաքացիական ինքնագիտակացությունը կհաղթահարի բոլորիս մտահոգությունները: Ուստի կոչ եմ անում.

1. սառնասիրտ ու առանց խուճապի ենթարկվել պատկան մարմինների բոլոր ցուցումներին,

2. հետևել և ի գիտություն ընդունել միայն հավաստի, պաշտոնական տեղեկատվությունը,

3. չենթարկվել խուճապի և անհարկի շահարկումներին, որոնք կարող են տարածել միայն հոգով գաճաճները,

4. անկախ հայացքներից, տեսակետներից և տարակարծություններից համախմբվել պետական լիազոր մարմնի շուրջ և կատարել բժիշկների հորդորները»,- ասվում է գրառման մեջ:

Նա վստահություն է հայտնել, որ բժիշկները, բուժքույրերն իրենց պարտքը կատարում են անմնացորդ:

«Ճանաչում եմ և փորձություն եմ անցել մեր Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի թիմի հետ: Միանշանակ հավաստիացնում եմ ձեզ, որ նրանք իրենց գործի գիտակն են և հաղթահարել են բազմաթիվ փորձություններ:Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել, ինչպես միշտ իրենց պարտքն անվերապահորեն կատարող մեր Բուժաշխատողներին... Կեցցեք, դուք»,-գրել է Մուրադյանը:

Մարտի 1-ի վաղ առավոտյան Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված առաջին դեպքն էր գրանցվել։

Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել էր փետրվարի 28-ին` Թեհրանից։ Նա ինքն էր դիմել բժշկի, հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, բայց ավելի ուշ այն իջել է։ Նախնական թեստը դրական արդյունք է ցույց տվել, կրկնակի թեստի արդյունքները հայտնի են դարձել Երևանի ժամանակով գիշերը ժամը 03:00-ին։

Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ դպրոցներում գարնանային արձակուրդը նախատեսվածից մի շաբաթ շուտ է մեկնարկել՝ մարտի 2-ից:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---