Փաշինյանին վիրավորած տղամարդուց ներողություն պահանջողների հրապարակումն ուսումնասիրվում է (Վիդեո)

Փաշինյանին վիրավորած տղամարդուց ներողություն պահանջողների հրապարակումն ուսումնասիրվում է (Վիդեո)

PanARMENIAN.Net - Իրենց «Հեղափոխության պահապաններ» կոչող խումբը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյած տղամարդուն ստիպել է ներողություն խնդրել՝ տեսախցիկները միացրած գնալով, ամենայն հավանականությամբ, նրան պատկանող տարածք:

Տեսանյութում լսվում է, թե ինչպես է խմբի անդամներից մեկն ասում, թե տղամարդը երկու տարբերակ ունի՝ ներողություն խնդրել վարչապետից կամ «պատասխան տալ»:

Տեսանյութի վերջում խմբի հիմնադիրը հայտարարում է, որ այդ մարդուն պետք չէ հետապնդել, քանի որ նա զղջացել է իր արարքի համար, և հենց այդ պատճառով երիտասարդի դեմքը չեն նկարել:

«Ինքը զղջում է իր ասածների համար, եթե վարչապետն ուրիշ հրահանգ կտա, կլինի ուրիշ բան, չի տա, ուրեմն այսքանով այս թեման փակվում է»,- հայտարարել է նա:

PanARMENIAN.Net ը կապվեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանի հետ՝ պարզելու՝ արդյոք ծանոթ են հրապարակմանը, և չկա արդյոք այս գործողություններում օրենքի խախտում: Վերջինս տեղեկացրեց, որ հրապարակմանը ծանոթ են, ոստիկանությունում այն կուսումնասիրվի և լրացուցիչ կտեղեկացնեն:

Տեսանյութում երևացող և ներողություն պահանջող տղամարդկանցից մեկը նաև «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակվողներից էր: 2019-ի աշնանը մի քանի հոգի ձվեր էին նետել և պաստառներ փակցրել ակումբի դռանն ու պատերին` «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ նյութի համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---