ՀՀ-ում եկեղեցական միջոցառումները չեն սահմանափակվի. Մայր Աթոռը հորդորում է զգոն լինել

ՀՀ-ում եկեղեցական միջոցառումները չեն սահմանափակվի. Մայր Աթոռը հորդորում է զգոն լինել

PanARMENIAN.Net - ՀՀ-ում եկեղեցիները շարունակելու են գործել, ասվում է կորոնավիրուսի տարածման հետ կապված Գարեգին Բ-ի և Հայաստանի եպիսկոպոսների հայտարարության մեջ:

«Հորդորում ենք մեր ժողովրդի զավակներին հանդես բերել առավելագույն զգոնություն ու պատասխանատվություն, հետևողականությամբ ու ամենայն լրջությամբ պահպանել մասնագիտացված կառույցների կողմից սահմանված պահանջներն ու ցուցումները և իրականացնել համավարակի կանխարգելման բոլոր միջոցառումները: Մեր Եկեղեցին միշտ իրականացրել է իր հոգեփրկչական ծառայությունը և այսօր ևս շարունակելու է տերունապատվեր իր առաքելության բնականոն ընթացքը»,- ասվում է հայտարարության մեջ։

PanARMENIAN.Net ի հետ զրույցում Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող տեր Եսայի քահանա Արթենյանն ասաց, որ Պահքի շրջանում եկեղեցում հանրային մեծ միջոցառումները շատ չեն և, չի մտաբերի որևէ հանրային միջոցառում, որ կազմակերպված է և կարիք կա չեղարկելու:

«Պահքի ընթացքում հաղորդություն չի տրվում, ողջույն չի տրվում: Նկատի ունեմ՝ հավատացյալներն ինչ-որ կերպ մեկը մյուսին չեն հպվում, որ կարող է ենթադրվել, թե վիրուս կարող է փոխանցվել: Եթե նույնիսկ պատարագի էլ գան մարդիկ, ովքեր ցանկանում են մասնակցել, պահելով հիգիենայի կանոնները, չեմ կարծում, թե որևէ խնդիր լինի»,- ասաց տեր Եսայի քահանա Արթենյանը:

Նրա խոսքով՝ եկեղեցին չի պարտադրում պատարագի գնալ, իսկ մարդիկ ազատ են իրենց որոշման մեջ:

«Մարդիկ, ովքեր իրենց վատ են զգում, առողջական խնդիր ունեն, կարող են զգուշությունից ելնելով մնալ տանը և ապաքինվել: Նույն հիգիենայի կանոններն ամեն տեղ կարելի է պահել, և այնպես չէ, որ եկեղեցի պարտադիր պետք է գալ պատարագների: Մարդիկ ազատ են իրենց որոշման մեջ՝ հետևելով առողջապահության նախարարության և համապատասխան մասնագետների բոլոր հորդորներին»,- ասաց նա:

ՀՀ-ում կորոնավիրուսի հետ կապված մի շարք զանգվածային միջոցառումներ են չեղարկվել: Երկրում արդեն վիրուսի հաստատված 8 դեպք կա: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հորդորել է խուսափել հանրային միջոցառումներից, պահպանել հիգիենայի կանոնները:

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---