ՊԵԿ. Ծրագրով ապրանքային շրջանառությունը թաքցնելու համար 5 մլն տուգանք ու իրավական պատասխանատվություն կա

ՊԵԿ. Ծրագրով ապրանքային շրջանառությունը թաքցնելու համար 5 մլն տուգանք ու իրավական պատասխանատվություն կա

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն վերջին շրջանում բացահայտել է տնտեսվարողների կողմից ծրագրային միջամտությամբ գնված ապրանքի քանակի և ՀԴՄ կտրոնի անհամապատասխանություն: ՊԵԿ-ից նշում են՝ չնայած այդ դեպքերի համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է 5 մլն դրամի տուգանք, համանման երևույթներին նաև իրավական գնահատականներ են տրվելու:

Սուբյեկտները վաճառված ապրանքի դիմաց սպառողներին տրամադրում են գնման արժեքին, քանակին և անվանմանը համապատասխանող ՀԴՄ կտրոն, բայց ծրագրային միջամտությամբ տվյալ կտրոնի վերաբերյալ հարկային մարմնի տեղեկատվական բազա ուղարկվում է ավելի ցածր արժեքով կամ ընդհանրապես այլ ապրանքի վերաբերյալ տեղեկատվություն:

«Օրինակ, սպառողը գնում է անձեռոցիկ` 300 դրամ, միս` 4000 դրամ արժեքով, ինչի դիմաց տրամադրվում է ընդհանուր՝ 4300 դրամի գնմանը համապատասխանող ՀԴՄ կտրոն: Սակայն ծրագրային միջամտության արդյունքում` վաճառող սուբյեկտը հարկային մարմնի տեղեկատվական բազա ուղարկում է միայն անձեռոցիկի արժեքը` 300 դրամ»,- բացատրում են ՊԵԿ-ից՝ նշելով, որ նման մոտեցումը մոլորեցնում է սպառողներին և պետությանը:

Ըստ կառույցի՝ նման կերպ թաքցվում է իրական շրջանառությունը և այդկերպ վարվում են այն տնտեսվարողները, որոնք իրենց վաճառքներն իրականացնում են արտաքին ծրագրի միջոցով և ՀԴՄ կտրոնի անհրաժեշտ տվյալներն արտացոլում են այդ կտրոնի վրա:

Կոմիտեն սպառողներին կոչ է արել, ըստ ցանկության, մթերային խանութներից կամ մանրածախ վաճառքի այլ օբյեկտներից գնված ապրանքների դիմաց ստացված կտրոնների լուսապատճեններն ուղարկել hdminfo@taxservice.am էլ.փոստին` դրանց օրինականության նկատմամբ հսկողություն սահմանելու համար:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանայանը հայտարարել է, որ դրա պայմաններում տնտեսվարողներին, փոքր ու միջին ձեռնարկություններին հարկային արտոնություններ, հետաձգումներ չեն տրամադրվի՝ լինելու է օժանդակություն։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---