ՌՀՄ. Կառավարության փաթեթներում ռեստորանային ոլորտին սատարող որոշումներ չկան

ՌՀՄ. Կառավարության փաթեթներում ռեստորանային ոլորտին սատարող որոշումներ չկան

PanARMENIAN.Net - Հայաստանի մոտ 300 ռեստորան և սրճարան համախմբող Ռեստորանների հայկական միությունում (ՌՀՄ) կարծում են, որ տնտեսվարողների համար կառավարության ընդունված փաթեթները չեն պարունակում ոլորտին սատարող որոշումներ։

ՌՀՄ-ն կոչ է անում կառավարությանը ևս մեկ անգամ դիտարկել միության առաջարկները, որոնք միտված են ապահովելու ոլորտի նվազագույն կենսունակությունը, ճգնաժամից դուրս գալու հնարավորությունն ու հետճգնաժամային զարգացումը:

ՌՀՄ-ն նախաձեռնել էր հանդիպումներ պետական պատկան մարմինների և կառավարության ներկայացուցիչների հետ, առաջարկելով՝

1․ Հանրային սննդի ձեռնարկությունների համար սառեցնել առաջին եռամսյակի վերջին ամսվա և երկրորդ եռամսյակի շրջհարկի և եկամտահարկի վճարումը։

2. ԿԲ-ի կողմից ցուցաբերել առավելագույն միջամտություն՝ չեղարկել ոլորտի ձեռնարկությունների վարկային միջոցների գոյացրած տոկոսները մարտ ամսի և երկրորդ եռամսյակի ընթացքում։

3. Քննարկել ոլորտի ձեռնարկություններին անհրաժեշտության դեպքում արտոնյալ պայմաններով, անտոկոս վարկերի տեսքով կանխիկ դրամահոսքի ապահովման հնարավորությունը։

4. Ոլորտի ձեռնարկությունների հարկադիր պարապուրդի մատնված աշխատակազմին տրամադրել դրամային փոխհատուցում պարապուրդի ժամանակ վճարվելիք աշխատավարձի կեսի չափով՝ գործատուին թողնելով մյուս կեսը վճարելու պարտավորությունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ կառավարության կողմից մարտի 26-ին ընդունված «Տնտեսվարողներին աջակցության միջոցառումներ» փաթեթները չեն պարունակում ոլորտին սատարող որոշումներ հետևյալ պատճառներով՝

1. Կորոնավիրուսի պատճառով փակված և չգործող, շահույթ չստացող ձեռնարկությունները չեն կարող ներգրավել վարկային միջոցներ, այսպիսով էլ ավելի մեծացնելով վարկային բեռը և ֆինանսական պարտավորությունները, որոնք ստեղծված իրավիճակում չեն կարող կատարե:

2. Կառավարությունն առաջարկում է տոկոսով վարկ տրամադրել իր հանդեպ հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով՝ հոգ չտանելով այն մասին, թե ինչպես է պարտքերի մեջ հայտնված և շահույթ չունեցող բիզնեսը հետագայում ևս կատարելու իր պարտավորությունները:

3. 5-րդ փաթեթով նախատեսված մեկանգամյա դրամաշնորհը, որը փաստացի կազմում է յուրաքանչյուր աշխատակցի համար մեկ ամսվա աշխատավարձի մինչև 20% -ը, չի կարող լուծել նույնիսկ կարճաժամկետ սոցիալական խնդիրներ, որի բեռը, փաստորեն, կրկին մնում է չաշխատող բիզնեսի վրա։

«Ելնելով վերը նշյալից՝ կոչ ենք անում յառավարությանը ևս մեկ անգամ դիտարկել մեր առաջարկները»,- ասվում է հայտարարության մեջ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---